Օլանդ. А320 օդանավի կործանման հետևանքով փրկվածներ չկան

16:22     24 մարտի, 2015

Ֆրանսիայի հարավում А320 օդանավի կործանման հետևանքով բոլոր ուղևորները, ամենայն հավանականությամբ, զոհվել են: Բարսելոնա-Դյուսելդորֆ ուղղությամբ չվերթ իրականացնող Germanwings ընկերությանը պատկանող օդանավը կործանվել է Ֆրանսիայի հարավում՝ Դին-լե-Բեն շրջանում: Օդանավում եղել է 142 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: «Օդանավի բեկորների վիճակը թույլ է տալիս եզրակացնել, որ աղետի հետևանքով փրկվածներ, ամենայն հավանականությամբ, չկան», - ասել է Օլանդը: Նրա խոսքով՝ օդանավը կործանվել է դժվար հասանելի լեռնային շրջանում:  Ֆրանսիայի տրանսպորտի նախարարը ևս հայտարարել է, որ վթարի հետևանքով փրկվածներ չկան:

Օլանդը նաև հայտարարել է ինքնաթիռի կործանման կապակցությամբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի հետ բանակցություններ անցկացնելու իր մտադրության մասին: Օդանավում հիմնականում Գերմանիայի քաղաքացիներ են եղել: Այս մասին հայտնում է n24 լրատվական ալիքը՝ հղում անելով Ֆրանիայի անվտանգության ուժերին:

Օդանավից տվյալները դադարել են ստացվել, երբ վերջինս գտնվել է երկրից  7,6 կիլոմետր բարձրության վրա: «Ֆրանսիայում կործանված օդանավը իր թռիչքի վերջին փուլում սկսել է կտրուկ կորցնել բարձրությունը: Օդանավի բարձրությունը 12 կիլոմետրից իջել է մինչև 7,6 կիլոմետր: Դրանից հետո օդանավից այլևս տվյալներ չեն ստացվել», - հայտնել է RT հեռուստաալիքը՝ հղում անելով Flightaware ծառայությանը: Հեռուստաալիքը հավելել է, որ օդանավը գործարկվել է միայն Lufthansa և Germanwings ավիաընկերությունների կողմից, իսկ օդանավի առաջին թռիչքն իրականացվել է 1990 թվականի նոյեմբերի 29-ին:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Lufthansa ընկերությունը դեռևս տեղեկություններ չունի օդանավի կործանման պատճառների մասին, սակայն փորձում է տեղեկություններ հայթայթել տեղի ունեցածի վերաբերյալ: 


© armedia.am