Ջեքի Ղազարյանը. հայկական «Գերնիկա»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

16:54     24 մարտի, 2015

Չիկագոյում բնակվող հայազգի նկարչուհի Ջեքի Ղազարյանը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ստեղծել է մի կտավ, որով ցանկանում է հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, գրում է Reuters-ը։

Ղազարյանի՝ «Հայաստան» խորագրով կտավն առաջին անգամ կցուցադրվի Չիկագոյի ժամանակակից արվեստի թանգարանում ապրիլի 17-ից մայիսի 29-ը։ Նկարչուհին այս կտավը ստեղծել է այսպես կոչված  «Նախագիծ 2015»-ի շրջանակում, այն նպատակ ունի բարձրացնելու Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածությունը։

Կտավում պատկերված է կիսաաբստրակտ լանդշաֆտ՝ ծածկված հին հայկական քարտեզների ու ճարտարապետական կոթողների պատկերներով ու տեսարաններով։ Դրանց միավորում են ժանյակները, որոնցից գործել է նաև Ղազարյանի տատիկը։

Իր աշխատանքում նկարչուհին ոգեշնչվել է Պաբլո Պիկասոյի «Գերնիկա» կոչվող կտավի օրինակով, որը ներկայացնում է իսպանական գյուղի ռմբակոծությունները Իսպանիայում քաղաքացիական պատերազմի տարիներին։ Ղազարյանի կտավն ունի նույն չափսերը, ինչը որ Պիկասոյի նկարը՝ 3.5x8 մետր։

«Ոչ ոք չէր իմանա, թե ինչ է տեղի ունեցել Գերնիկայում, եթե չլիներ այդ կտավը»,- ասել է Ղազարյանը։


© armedia.am