Մարտի 24-ին Ազգային ժողովը հյուրընկալել էր ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կողմից անցկացվող «Հիշատակի էստաֆետ» ակցիայի պատվիրակությանը, հաղորդում է ԱԺ պաշտոնական կայքը:
Պատվիրակության կազմում էին Մեծ հայրենական պատերազմի մասնակիցներ, վետերաններ և Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի խորհրդարանների պատգամավորներ:
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, նշել է, որ Մեծ հայրենական պատերազմին մասնակցել է շուրջ վեց հարյուր հազար հայ: Եվ այդ պատերազմի հաղթական ավարտը հպարտությամբ է հիշում յուրաքանչյուրը, քանի որ հայ ժողովուրդը խորհրդային բանակի կազմում ներկայացված է եղել ամենաբարձր մակարդակով: Անուրանալի են իրենց կյանքը հայրենիքին և հաղթանակին նվիրած հայորդիների քաջագործությունները: Արտակ Դավթյանը փաստել է, որ հաղթանակի նշանակությունը կկարևորվի ոչ միայն յոթանասուն, այլև յոթ հարյուր տարի հետո էլ:
Նույն օրը՝ երեկոյան, «Հիշատակի էստաֆետ» ակցիայի հայաստանյան պատվիրակության անդամները եղել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: