Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ռազմական գործողություններ է սկսել Եմենում

10:19     26 մարտի, 2015

Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի երկրները ռազմական գործողություններ են սկսել Եմենում: Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերն օդային հարվածներ են հասցնում Եմենի մայրաքաղաք Սանայում շիա ապստամբների դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Al Arabian-ը:

Սաուդյան Արաբիայի կողմից ղեկավարվող կոալիցիան Եմենի օդային տարածքը հայտարարել է թռիչքների համար փակ տարածք: 

Ռազմական գործողությունը սկսվել է Պարսից ծոցի պետությունների համագործակցության խորհրդի տարածած հայտարարությունից անմիջապես հետո, որում նշվում էր, որ Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Քաթարը «մտադիր են արձագանքել նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադիի կոչին և պաշտպանեն Եմենի օրինական իշխանությանը գրոհայիններից»:

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային միանալու իրենց մտադրության մասին հայտնել են նաև Պակիստանը, Սուդանը և Եգիպտոսը: Վերջիններս պատրաստակամություն են հայտնել Եմեն ուղարկել նաև ցամաքային զորքեր:


© armedia.am