Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Չինաստան կատարած այցի շրջանակներում ստորագրվել են մեկ տասնյակից ավելի փաստթղթեր՝ ուղղված երկու երկրների միջև տնտեսական և բարեկամական հարաբերությունների զարգացմանը: Հայկական պատվիրակության կազմում է եղել նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ով Պեկինում պաշտոնական այցի ժամանակ հանդիպել է Չինաստանի ազգային բանկի նախագահ Չժոու Սյաոչուանի հետ: Հանդիպման արդյունքում ստորագրվել է ՀՀ կենտրոնական բանկի և Չինաստանի ազգային բանկի միջև 77 մլրդ ՀՀ դրամի և 1 մլրդ չինական յուանի SWAP գործարքի պայմանագիր: Պայմանագիրը միտված է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության և ուղղակի ներդրումների ավելացմանը (աղբյուրը՝ cba.am):
Նշենք, որ արժութային SWAP-ը երկկողմ գործարք է, որով կողմերը սահմանված փոխարժեքով փոխանակում են արժույթներ (տվյալ դեպքում՝ ՀՀ դրամ եւ չինական յուան)՝ պայմանավորվելով որոշ ժամանակ հետո հետ փոխանակել նշված արժույթները:
Այս պայմանագրի շնորհիվ հայաստանյան ներմուծողները հնարավորություն են ստանում չինական մատակարարներին վճարել յուան՝ այսպիսով խուսափելով փոխարժեքային ռիսկից: Փոխարժեքային ռիսկն առաջանում է, երբ չինական կողմին յուան վճարելու համար օգտագործվում է այլ փոխարկելի արժույթ (օրինակ` դոլար): Այս դեպքում նախ պետք է հայկական դրամը վերածել դոլարի, այնուհետև այդ դոլարը վերածել յուանի: Սվոփի գործածության դեպքում երրորդ արժույթի փոխարկելու կարիքն անհետանում է և դրամը միանգամից փոխարկվում է չինական յուանով: Սա նվազեցնում է հատկապես վերջերս առկա դոլարի բարձրացման հետ կապված բոլոր ռիսկերը:
Նույն տրամաբանությամբ նշված պայմանագրի շնորհիվ փոխարժեքային ռիսկից խուսափում են նաև չինաստանյան ներմուծողները (հետևաբար նաև հայաստանյան արտահանողները):
Հայաստանը և Չինաստանն ունեն բավականին զարգացած առևտրատնտեսական հարաբերություններ, որի մասին են վկայում աղյուսակ 1.-ի տվյալները:
Աղյուսակ 1. Հայաստանի և Չինաստանի ապրանքաշրջանառության ծավալները (մլն ԱՄՆ դոլար).
Տարեթիվ |
Արտահանում |
Ներմուծում |
2011 |
16.2 |
404.2 |
2012 |
31.2 |
400.4 |
2013 |
68.8 |
385.9 |
2014 |
170.9 |
417.5 |
Աղբյուրը՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարություն
Նշենք, որ Հայաստանից դեպի Չինաստան արտահանվող ապրանքնատեսակների կառուցվածքում հիմնական դեր է խաղում հանքանյութի մատակարարումը: Չինաստանից ներկրվող ապրանքների տեսականին շատ բազմազան է՝ հագուստ, կոշիկ, մեքենաշինական և քիմիական արտադրանք, սարքավորումներ, շինանյութ, սննդամթերք և այլն:
Տարեցտարի աճող առևտրաշրջանառության պայմաններում ավելի մեծ ծավալներով արժույթների փոխանակման անհրաժեշտությունն է առաջանում: Այսպիսով, պայմանագրի ստորագրումը կխթանի առևտրաշրջանառության ծավալների ընդլայնումը երկու երկրների միջև: