Բուենոս Այրեսի Կուրուչուգա և Ժոֆրե փողոցներում շուտով հայկական հետքն ու հայի ներկայությունն ավելի կամրապնդվեն: Բուենոս Այրեսի Հայ առաքելական եկեղեցու և հայկական կազմակերպությունների շենքի կողքին կառուցվում է Հայոց ցեղասպանության թանգարան, որի բացումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հաջորդ տարի:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Արգենտինայում Հայոց ցեղասպանության թանգարանի հարցերով պատասխանատու, Հայոց ցեղասպանության հիշատակի հիմնադրամի ղեկավար, պրոֆեսոր Նելիդա Բուլգուրջյանը շեշտում է, որ ներկա դրությամբ ընթանում են շինարարական ակտիվ աշխատանքներ: Նա նշում է, որ թանգարանի կառուցման գաղափարը միավորել է ամբողջ արգենտինահայությանը, և բոլորն էլ անհամբերությամբ են սպասում կառույցի բացմանը:
Թանգարանում կներկայացվի հայ ժողովրդի պատմությունը երեք փուլով: Առաջին բաժնում կներկայացվի հայոց կյանքը Օսմանյան կայսրությունում մինչև 1915թ.: «Ինչպես էին հայերն ապրում, ինչ ավանդույթներ և մշակութային առանձնահատկություններ ունեին, ընտանիքի նշանակությունն ու կանանց դերն ինչպիսին էին: Երկրորդ բաժնում կներկայացվեն Հայոց ցեղասպանության կադրեր, լուսանկարներ, աուդիո փաստեր, արխիվային նյութեր, վերապրածների վկայություններ: Թանգարանի երրորդ մասը նվիրված է այն հայերին, ովքեր գաղթել են Արգենտինա, այնտեղ հաստատվել, աշխատել և ներդրում ո նեցել երկրի զարգացման գործում: Թանգարանը կունենա մշտական ցուցադրություն, հատուկ օրեր, հատուկ ցուցադրություններ և թեմաներ այս կամ այն օրվա կամ հիշատակի միջոցառումներին նվիրված››,- ասաց Նելիդա Բուլգուրջյանը:
Թանգարանը եռահարկ է, ավելի քան 1000 քմ տարածքով: Առաջին հարկում լինելու է Ցեղասպանության թանգարանը, որի ցուցանմուշները հավաքվել են վերջին 40 տարվա ընթացքում, իսկ երկրորդ հարկը նվիրված է լինելու Արգենտինայի հայերի մշակութային ժառանգությանն ու արդի ցուցահանդեսներին։ Երրորդ հարկում կգործի գրադարանը։
Դեռևս 2014 թ. մայիսին Բուենոս Այրեսի քաղաքային խորհուրդը, ի հիշատակ Հայ ժողովրդի և Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների, Արգենտինայի հայ համայնքին տրամադրեց անհատույց տարածք Հայոց ցեղասպանության և մշակութային կենտրոնի կառուցման համար:
Թանգարանի հիմնարկեքի արարողությանը մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: