Միացյալ Նահանգների վարչակազմը հայտարարել է, որ կիսում է ԱՄՆ օրենսդիրների անհանգստությունը Թուրքիայում վատթարացող մամուլի ազատության շուրջ՝ կոչ անելով Անկարային հասնել իր ժողովրդավարական իդեալներին և այս կերպ պատասխանել այն վիճահարույց նամակին, որն իսկական փոթորիկ է առաջացրել թուրքական քաղաքական շրջանակներում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատի 74 օրենսդիրներ նամակ են ուղարկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին՝ կոչ անելով անհանգստություն հայտնել Թուրքիայում «ժողովրդավարության հիմնարար սկզբունքներն անարգելու» կապակցությամբ: Նրանք կոչ են արել Քերիին հանդես գալ մամուլի ազատության ոտնահարումների դեմ ՆԱՏՕ-ի միակ մուսուլմանական դաշնակցի երկրում, որն ակտիվացրել է ճնշումներն այլախոհության նկատմամբ, գրում է Today’s Zaman-ը: Այս նամակը Թուրքիային վերաբերող առաջին փաստաթուղթն է, որի տակ այսքան շատ սենատորներ են ստորագրել: Սենատորնեը հիշեցրել են Քերիին այն կոռուպցիոն մեղադրանքների մասին, որոնք առաջադրվել են թուրք մի շարք նախարարների, իշխանամետ գործարարների և անգամ Էրդողանի որդու նկատմամբ:
«Մենք կիսում ենք մտահոգություններն այն գործողությունների կապակցությամբ, որոնք թուլացնում են ԶԼՄ-ների բազմազանությունն ու անկախությունը, և մենք արտահայտել ենք այս մտահոգությունները թուրք պաշտոնյաների հետ անձնական հանդիպումների, հրապարակային հայտարարությունների և մարդու իրավունքների շուրջ մեր ամենամյա զեկույցների միջոցով», - գրել է ԱՄՆ պետքարտուղարի օրենսդրական գործերով օգնական Ջուլիա Ֆրիֆիլդը Ջոն Քերիի անունից Ներկայացուցիչների պալատին ուղղված նամակում:
Ֆրիֆիլդն ասել է, որ ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակը դեկտեմբերի 14-ին Թուրքիայում իրականացված ձերբակալությունների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ և ընդգծել «մամուլի ազատության և դատական համակարգի անկախության կարևորությունը՝ որպես յուրաքանչյուր առողջ ժողովրդավարության առանցքային տարրեր»՝ կոչ անելով թուրքական իշխանություններին իրենց գործողություններում չխախտել այս հիմնարար արժեքները:
Ամերիկյան օրենսդիրների նամակից մի քանի շաբաթ առաջ Ներկայացուցիչների պալատի 90 անդամներ ևս կոչ էին արել Քերիին իր ձայնը բարձրացնել Թուրքիայի մամուլի ազատությանն աջակցելու համար: Այս նամակը քննադատության զանգվածային ալիք բարձրացրեց թուրք քաղաքական գործիչների և իշխանամետ ԶԼՄ-ների շրջանում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանն անգամ ԱՄՆ Կոնգրեսի անդամներին «վարձկաններ» անվանեց, իշխանամետ մամուլը գրեց, որ նամակը ստորագրած սենատորները կաշառվել են: ԱՄՆ օրենսդիրներից ոմանք հրապարակավ հերքեցին այս մեղադրանքները: