Թուրք և ամերիկացի ռազմական պաշտոնյաները համաձայնության են եկել Ադանայի Ինջիրլիկ ավիաբազայում անօդաչու թռչող սարքերի տեղակայման շուրջ: Թուրք պաշտոնյաներից մեկը հայտնել է Hurriyet Daily News-ին, որ մարտի 11-ին ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության գեներալներից մեկի՝ Անկարա կատարած այցի շրջանակներում կողմերը համաձայնության են եկել 2 անօդաչու սարքերի տեղակայման խնդրի շուրջ, սակայն վերջնական պայմանագիրը կնքելու համար նրանք դեռևս սպասում են քաղաքական հաստատմանը:
Անկարան և Վաշինգտոնը շարունակում են բանակցությունները Ինջիրլիկ ավիաբազայում ԱՄՆ ռազմական ինքնաթիռների տեղակայման խնդրի շուրջ, որը պետք է նպաստի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի գործունեությանը: Թուրքիան երկար ժամանակ հրաժարվում էր ավիաբազան տրամադրել կոալիցիային:
Ավելի վաղ Միացյալ Նահանգները և Թուրքիան հայտարարեցին, որ պատրաստ են հուշագիր ստորագրել սիրիական ընդդիմության վերապատրաստման մասին: Թուրքական լրատվամիջոցները հայտնեցին Թուրքիայում Սիրիական Ազատ Բանակի ավելի քան 2000 զինյալներ վերապատրաստելու Թուրքիայի և ԱՄՆ-ի ծրագրերի մասին: Նախատեսվում է, որ ԱՄՆ-ը տրամադրելու է վերապատրաստման համար անհրաժեշտ զինամթերքը, իսկ թուրք մասնագետներն ապահովելու են վերապատրաստումը: Որոշ աղբյուրների համաձայն ԱՄՆ-ը պատրաստվում է տարեկան Սիրիական Ազատ Բանակի 5000 զինյալներ վերապատրաստել և զինել, որից 2000-ը՝ Թուրքիայի տարածքում: Սաուդյան Արաբիան և Կատարը ևս այս ծրագրի մասն են կազմում:
Բացի այդ, Թուրքիան պատրաստվում է ավելացնել ԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիային տրամադրվող իր աջակցությունը: Անկարան ծրագրում է վերապատրաստել Մոսուլի մի շարք սուննի ցեղերի՝ որպես Իրաքում ջիհադիստներին պարտության մատնելու ծրագրի մի մաս: «Թուրքիան ԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի մաս է կազմում և սկսել է հստակ ներդրում կատարել: Մենք մեր ազգային շահերի հիմքի վրա կգնահատենք մեր ներդրումն ավելացնելու հարցը: Ի վերջո, մենք կկատարենք մեր պարտավորությունները որպես կոալիցիայի անդամ», - ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը: