Եմենը վերածվել է նոր մարտադաշտի, որտեղ բախվում են մերձավորարևելյան գրեթե բոլոր պետությունների շահերն ու տարաձայնությունները: Սաուդյան Արաբիայի գլխավորած 10 արաբական երկրներից բաղկացած կոալիցիայի ռազմաօդային ուժերը «Վճռականության փոթորիկ» գործողության շրջանակներում անցյալ գիշեր ավիահարվածներ են հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայում և սաուդա-եմենական սահմանի մոտակայքում տեղակայված Ալ-Խոուսի շարժման դիրքերին: Ինչպես հայտնում է «Ալ-Մանար» հեռուստաալիքը, ռմբակոծությոնների են ենթարկվել կենսական նշանակություն ունեցող կարևոր կառույցներ և մի շարք պետական հաստատություններ: Եմենի առողջապահության նախարարության տվյալների համաձայն տասնյակ զոհեր և վիրավորներ կան: Ինչպես հայտնում է TASS-ը, ավիահարվածների են ենթարկվել նաև Սաադ և Լահջ քաղաքներում գտնվող շիական շարժման ճամբարները:
Հիշեցնենք, որ հունվարին խոուսիտների ձևավորած Հեղափախական խորհուրդը, իշխանությունից հեռացնելով երկրի նախագահ Մ. Հադիին և կառավարությունը, մարտի 22-ին գրավեց մեծությամբ Եմենի երրորդ քաղաքը՝ Թաիզը, ինչպես նաև հարևանությամբ գտնվող օդանավակայանը և ռազմաբազան: Հաղորդվում է, որ խոուսիտների զինյալները շարժվում են հարավային Ադեն քաղաքի ուղղությամբ, որտեղ ավելի վաղ տարհանվել են երկրի կառավարությունը և դիվանագիտական ներկայացուցչությունները:
Ի պատասխան՝ Եմենի նախագահը դիմեց ՄԱԿ-ին և Պարսից ծոցի միապետություններին՝ խնդրելով շտապ միջամտել և բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել օրինական իշխանությանը: Այսպես սկսվեցին Սաուդյան Արաբիայի գլխավորած ավիահարվածները: Իրանի ԱԳՆ-ն պահանջել է անմիջապես դադարեցնել ագրեսիան Եմենի ինքնիշխանության դեմ:
Խոուսիտները պատկանում են զեյդի փոքրամասնությանը, որոնք կազմում են երկրի հյուսիսային շրջանների բնակչության հիմնական մասը: Մինչև 1962 թվականի միապետության դեմ ուղղված հեղաշրջումը Հյուսիսային Եմենում զեյդիական իմամաթ է գոյություն ունեցել: Շիական խմբավորումների հակառակորդները կարծում են, որ նրանք այժմ փորձում են վերականգնել այդ իմամաթը: Սակայն ապստամբները պնդում են, որ իրենց նպատակը «գլխավորապես սուննիական երկրում շիա մուսուլմանների իրավունքների ընդլայնումն է»:
Խոուսիտների և նրանց թիկունքում կանգնած Իրանի նպատակն է տապալել Եմենի իշխող վարչակազմը և այս կերպ հարված հասցնել Իրանի վաղեմի տարածաշրջանային մրցակցին՝ Սաուդյան Արաբիային: Սակայն ոչ ոք չէր սպասում, որ սաուդական պատասխանն այսքան կտրուկ կլինի և հակամարտության նոր օջախ կբացի Մերձավոր Արևելքում՝ հանգեցնելով այսքան երկրների մասնակցությամբ ռազմական գործողությունների: