Germanwings ավիաընկերության Airbus A320 օդանավը մտադրված կործանելու մեջ կասկածվող գերմանացի օդաչու Անդրեաս Լուբիցի՝ Դյուսելդորֆում գտնվող տան խուզարկությունից հետո քննիչները «կարևոր բացահայտում» են արել, գրում է բրիտանական Mirror թերթը։
Ոստիկանները հայտարարել են, որ հնարավոր է՝ իրենք գտել են «բանալին», որը կարող է օգնել հասկանալ ողբերգության պատճառը: Քննիչները չեն ներկայացրել մանրամասները՝ լրագրողներին վստահեցնելով, որ խոսքը մահվանից առաջ թողնված գրության մասին չէ:
Միևնույն ժամանակ, ինչպես Frankfurter Allgemeine թերթին հայտնել է Լուբիցի համակուրսեցու մայրը, երիտասարդը մի քանի տարի առաջ լուրջ դեպրեսիա է ունեցել: Դրա պատճառով նա ստիպված է եղել ընդհատել իր ուսումը: Կնոջ կարծիքով՝ A320 ինքնաթիռում օդաչուի գործողություններն ինքնաբուխ են եղել: Bild թերթի տվյալներով՝ դեպրեսիայի պատճառով նրա մոտ խնդիրներ են առաջացել Ֆենիքսում (ԱՄՆ) Lufthansa-ի ամառային դպրոցում ուսման հետ կապված, նրան անգամ ժամանակավորապես համարել են թռիչքների համար անընդունակ:
Թերթը Լյուբիցի մոտ հոգեկան խնդիրների անուղղակի հաստատում է նշում նաև այն հանգամանքը, որ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունում նրա գործի մեջ եղել է նշում այն մասին, որ նա «հատուկ և կանոնավոր բժշկական հետազոտության» կարիք ունի: Նման նշում է եղել նաև օդաչուի վկայագրում:
Lufthansa-ի գլխավոր տնօրեն Կարստեն Շտորն հաստատել է, որ Լյուբիցը մի քանի ամսով դադարեցրել է ուսումը: Նա չի հայտնել մանրամասները, սակայն նշել է, որ դրանում «ոչ մի տարօրինակ բան» չի տեսել:
Նախօրեին Մարսելի դատախազ Բրիս Ռոբենը հայտնել է, որ «սև արկղի» տվյալները ցույց են տվել, որ Ֆրանսիայի հարավում A320-ի աղետը երկրորդ օդաչուի՝ Գերմանիայի 28-ամյա քաղաքացի Անդրեաս Լյուբիցի միտումնավոր գործողությունների հետևանք է դարձել:
Ինչպես հայտնում են քննիչները, երկրորդ օդաչուն, ով միայնակ վերահսկել է Airbus A320-ն օդաչուների խցիկից օդանավի հրամանատարի դուրս գալուց հետո, հրաժարվել է բացել դուռը և սեղմել է կոճակը, որի պատճառով ինքնաթիռը սկսել է կտրուկ վար իջնել և ի վերջո կործանվել է:
Կործանված օդանավի հրամանատարն իր կյանքի վերջին րոպեներին փորձել է կոտրել օդաչուների խցի դուռը, գրում է Bild թերթը՝ վկայակոչելով քննության մոտ կանգնած աղբյուրներին:
Ինչ վերաբերում է ուղևորներին, ապա սև արկղի տվյալների համաձայն, նրանք ինքնաթիռի վայր ընկնելը գիտակցել են վերջին պահին: Այդ ժամանակ ձայնագրությունում ճիչեր են լսվում:
Germanwings ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը կործանվել է մարտի 24-ին ֆրանսիական Ալպերում: Բարսելոնայից Դյուսելդորֆ ուղևորվող ինքնաթիռում եղել է 150 մարդ։