Արաբական Պետությունների Լիգայի (ԱՊԼ) անդամ-պետությունների ԱԳՆ ղեկավարները համաձայնության են եկել միասնական ռազմական ուժեր ստեղծելու շուրջ, որ դիմագրավեն տարածաշրջանում աճող սպառնալիքներին: Ինչպես հայտնում է եգիպտական Al-Ahram օրաթերթը, այս մասին հայտարարել է ԱՊԼ գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ-Արաբին: Հապատասխան բանաձևի նախագիծը ներկայացվելու է ԱՊԼ գագաթաժողովի ժամանակ, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ եգիպտական Շարմ Ալ-Շեյխ քաղաքում:
Միասնական ռազմական ուժերը կենտրոնանալու են «արագ միջամտության վրա ցանկացած արաբական երկրում, որի անվտանգությունը վտանգված կլինի կամ կբախվի ահաբեկչության սպառնալիքին», հայտարարել է Ալ-Արաբին: Ընդ որում, նա հավելել է, որ, այս միասնական ուժը երկրորդն է լինելու 1973 թվականին Իսրայելի դեմ պատերազմի ժամանակ ձևավորված ուժից հետո: ԱՊԼ ԱԳՆ ղեկավարները խնդրել են ԱՊԼ գլխավոր քարտուղարին համակարգել իր գործողություններիը անդամ-պետությունների բանակային հրամանատարների հետ և քննարկել միասնական ուժերի ստեղծման միջոցները:
Հիշեցնենք, որ Նաբիլ Ալ-Արաբին դեռևս մարտի սկզբին կոչ արեց միասնական ռազմական ուժեր ստեղծել «Իսլամական պետության» և այլ խմբավորումների դեմ պայքարելու համար՝ կարևորելով արաբական ժողովուրդների համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում: «Բազմաֆունկցիոնալ արաբական ռազմական ուժեր ստեղծելու անհրաժեշտություն կա, որոնք կկարողանան արագ արձագանքել և պայքարել ահաբեկչության և ահաբեկչական խմբավորումների դեմ», - հայտարարեց Նաբիլ Ալ-Արաբին ԱՊԼ արտգործնախարարների հանդիպման ժամանակ Կահիրեում: Ինչպես հայտնում է AFP-ն, նա ընդգծեց անվտանգության ապահովման և տեղեկատվության փոխանակման ոլորտում արաբական երկրների միջև համագործակցության անհրաժեշտությունը:
Միասնական ռազմական ուժեր ստեղծելու օգտին հանդես է գալիս հատկապես Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսին: Al-Arabiya-ին տված հարցազրույցում վերջինս նշել է, որ նման հակաջիհադիստական ուժերը կարող են աջակցություն ստանալ ԱՊԼ մի շարք անդամ-պետությունների՝ Սաուդյան, Արաբիայի, Քուվեյթի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) կողմից: Եգիպտոսի նախագահը տեղեկացրել է, որ այս հարցը քննարկել է նաև Հորդանանի թագավոր Աբդուլլահ II-ի հետ, ով ևս իր աջակցությունն է հայտնել այս գաղափարին:
Միասնական ռազմական ուժեր ստեղծելու գաղափարն ամենևին էլ նոր չէ արաբական աշխարհում: Համատեղ ռազմածովային ուժեր ստեղծելու մտադրության մասին 2014 թվականի վերջին հայտարարեց Պարսից ծոցի Արաբական երկրների համագործակցության խորհուրդը, որը ստեղծվել է 1981 թվականին և ընդգրկում է վեց արաբական միապետություններ` Սաուդյան Արաբիա, Բահրեյն, Կատար, Քուվեյթ, ԱՄԷ, Օման: 2014 թվականին նաև տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Քուվեյթը գաղտնի բանակցություններ են վարում նոր դաշինք ստեղծելու համար, որի գլխավոր նպատակն է լինելու ահաբեկչական խմբավորումների դեմ համատեղ պայքարը:
Չի բացառվում, որ այս անգամ միասնական ռազմական ուժեր ստեղծելու գաղափարը ծագել է Եմենում տեղի ունեցող իրադարձությունների համապատկերի վրա: