Ապրիլի 22-ին Լոնդոնում Հայոց ցեղասպանության թեմայով քննարկում տեղի կունենա։ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից հրավիրված քննարկումը կընթանա «Ո՞վ է հիշում հայերի մասին» կարգախոսի ներքո։ Քննարկմանը կմասնակցեն Հայկական կինոֆոնդի (Armenian Film Foundation, ԱՄՆ) մասնագետ Կարլա Կարապետյանը, Մեծ Բրիտանիայի Հոլոքոստի Ազգային կենտրոնի համահիմնադիր Ջեյմս Սմիթը և Մեծ Բրիտանիայում Amnesty International-ի տնօրեն Քեյթ Ալենը։ Այս մասին հայտնում է «Հայերն այսօր»-ը՝ հղում անելով News.am-ին:
Վերջին 3 տարիների ընթացքում Հայկական կինոֆոնդը Սթիվեն Սթիլբերգի հիմնադրամի հետ համատեղ հավաքել է Ցեղասպանություն վերապրած 4000 մարդկանց վկայությունները։ Նրանց պատմությունները նկարահանվել են վերջին 40 տարիների ընթացքում։ Այդ բացառիկ հավաքածուն պատմում է հայերի, հույների, արաբների, ասորիների եւ եզդիների մասին։ Եզդիները ականատես են եղել Հայոց ցեղասպանությանը, իսկ այժմ, դժբախտաբար, տեսնում են, թե ինչպես է ողբերգական պատմությունը կրկնվում, գրում է Amnesty International-ի պաշտոնական կայքը։
Ֆիլմի ցուցադրությունից հետո նրա մասնակիցները կքննարկեն անպատժելիության խնդիրը և նրա ազդեցությունը ապագա հանցագործությունների վրա։ Այդ ենթատեքստում կդիտարկվի ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլ մարդկության դեմ իրագործված մյուս հանցագործությունները, այդ թվում՝ Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» գործած հանցագործությունները։