Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է gov.am-ը:
Ողջունելով հյուրերին՝ վարչապետն արդյունավետ է գնահատել տարբեր ոլորտներում ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը և վերահաստատել ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ծրագրերի իրականացումը:
ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել վարչապետին համատեղ աշխատանքին տրված բարձր գնահատականի համար ու կարևորել և´ Ազգային ժողովի նախագահի, և´ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի ներդրումը երկկողմ համագործակցության զարգացման գործում: Զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ-ի աջակցությամբ իրականացվող «Կարգավորիչ գիլյոտին» բարեփոխումների ծրագրի ընթացքը և հետագա քայլերը:
Հանդիպմանն արծարծվել են նաև համագործակցության հետագա ընդլայնմանը և ակտիվացմանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կայանալիք արարողություններին՝ ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարը տեղեկացրել է, որ ԵԱՀԿ-ի պատվիրակությունն ամենաբարձր մակարդակով կմասնակցի 2015 թ. ապրիլին Երևանում կազմակերպվելիք ոգեկոչման միջոցառումներին: