ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հաջորդ շաբաթ աշխատանքային այցով կժամանի Երևան, այս մասին հայտնել է РИА Новости գործակալությունը` հղում կատարելով ՌԴ խորհրդարանի ստորին պալատի պաշտոնական կայքին:
Ակնկալվում է, որ մարտի 30-ից 31-ը Նարիշկինը հանդիպումներ կունենա ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Պետդումայի պատվիրակությունը կմասնակցի նաև Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված խորհրդաժողովին և «Եվրասիական տնտեսական հեռանկար» համաժողովի շրջանակում նախանշված կլոր-սեղանին:
Երևանում Նարիշկինը կմասնակցի նաև հաղթանակի 70-ամյակին նվիրված «Պատերազմն ու հաղթանակը հայ և ռուս նկարիչների գործերում» ցուցահանդեսի բացմանը: