Լեհաստանի Վալբրժիխ քաղաքում ընթացող մինչև 23 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի անդրանիկ առաջնությունում հայ ըմբիշ Սարգիս Քոչարյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն: Երեկ մեդալների համար պայքարն սկսեցին հունահռոմեական ոճի ըմբիշները՝ 59 կգ, 71 կգ, 80 կգ և 98 կգ քաշային կարգերում: Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ հանդես եկող մինչև 23 տարեկանների Հայաստանի հավաքականի 5 ներկացուցիչներից մրցագորգ ելան երկուսը: 80 կգ քաշային կարգում հանդես եկող, 2014թ երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սարգիս Քոչարյանը կեսօրվա մրցահերթում հաջողությամբ հաղթահարելով նախնական փուլերի բոլոր արգելքները, մտել էր եզրափակիչ: Երեկոյան մրցահերթում նրա ու Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Գոբաձեի միջև կայացած վճռորոշ գոտերմարտում մարզական բախտը ժպտաց վրացի ըմբիշին, ով 3:2 հաշվով հաղթելով՝ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Սարգիս Քոչարյանն այս անգամ բավարարվեց արծաթե մեդալով և Հայաստանի ընտրանուն թիմային 9 միավոր պարգևեց: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ըմբշմարտի ֆեդերացիան:
59 կգ քաշային կարգում մեդալակիր դառնալու հնարավորություն ուներ նաև Վազգեն Խաչատրյանը: Սակայն նա ամփոփիչ գոտեմարտում 4:7 հաշվով զիջեց Սերբիայի պատվիրակ Թամաշ Մաջին ու զբաղեցրեց 7-րդ տեղը՝ մեր ընտրանու համար վաստակելով 4 միավոր: Մրցաշարի 1-ին օրը Եվրոպայի չեմպիոններ դարձան. 59 կգ՝ Վիկտոր Չոբանու, Մոլդովա, 71 կգ՝ Դանիել Կատարագա, Մոլդովա, 80 կգ՝ Լաշա Գոբաձե,Վրաստան, 98 կգ՝ Ֆաթիհ Բասկով, Թուրքիա: