ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն` նվիրված խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, որին մասնակցել են հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների, քաղաքական ու հասարակական հատվածների ներկայացուցիչները, հայտնում է Artsakhpress.am-ը` հղում կատարելով Արցախի հանրային հեռուստատեսությանը:
Վերջինիս փոխանցմամբ` ընտրություններում միջազգային դիտորդներն ու դիտորդական առաքելություններ ապահովելու նպատակով ԼՂՀ արտաքին գերատեսչության կողմից իրականացվող աշխատանքները ևս ներկայացվել են նախագահին:
ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի ղեկավարած կառույցում 41 երկրից հաստատում ունեն և ևս 49-ի հաստատմանն են սպասում: Այժմ հստակեցվում են Ռուսաստանի Դաշնության և Բրյուսելի պատվիրակությունների կազմը:
«Մենք կունենանք 80-90 միջազգային դիտորդ, չհաշված Հայաստանի դիտորդական խումբը: Ունենք որոշակի նոր երկրներ, որոնք նախկինում ներկայացված չէին` մասնավորապես այս տարի ակնկալում ենք դիտորդներ` Էստոնիայից, Իտալիայից, Լյուքսենբուրգից և Մեքսիկայից»,- ասաց ԱԳ նախարարը: