Մարտի 30-ին Երուսաղեմի դատարանը Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը մեղավոր է ճանաչել «Տալանսկու» կամ ինչպես հաճախ անվանում են «փողով ծրարի» գործով: Այս մասին փոխանցում է France Press գործակալությունը: Այս գործով դատավճիռը կհրապարակվի մայիսի 5-ին:
Իսրայելի կառավարության նախկին ղեկավարը 2012թ. անմեղ էր ճանաչվել ամերիկացի գործարար Մորիս Տալանսկուց կաշառք վերցնելու գործով, սակայն «անհերքելի ապացույցներ» ստանալու հետևանքով դատարանը փոխել է իր որոշումը:
Օլմերտի դեմ այս գործը հարուցվել է դեռևս 2007թ.: Հետաքննության վարկածով 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին Օլմերտը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր Երուսաղեմի քաղաքապետի և Առևտրի ու արդյունաբերության նախարարի պաշտոնը խոշոր գումար է ստացել ամերիկացի գործարար Մորիս Տալանսկուց վերջինիս շահերն առաջ տանելու համար:
Այս մեղադրանքների պատճառով Օլմերտը հեռացվել էր վարչապետի պաշտոնից: Սակայն դատարանը անբավարար է համարել առկա ապացույցները նրան մեղավոր ճանաչելու համար:
Նշենք, որ 2014թ. մարտի 31-ին դատարանը Օլմերտին մեղավոր է ճանաչել կաշառակերության մեկ այլ գործով և սահմանել է 6 տարվա ազատազրկում: Դատարանը ապացուցել էր, որ նա կաշառք է ստացել Երուսաղեմում Holyland բնակելի համալիրի կառուցման ժամանակ:
Ավելի վաղ 2012թ. նախկին վարչապետը պայմանական ազատազրկման էր ենթարկվել 2003-2005թթ. ծանոթ գործարարների համար սուբսիդիաներ ստանալու նպատակով Ներդրումների պետական հիմնադրամի վրա ճնշումներ գործադրելու համար: