Ռուսաստանի բնակչության 49%-ը ճգնաժամի և գնաճի պայմաններում առաջին հերթին նախընտրում են կրճատել սպառումը և խնայել: 38%-ը նախընտրում է ոչ թե տնտեսել, այլ գտնել եկամտի այլ աղբյուրներ: Նման արդյունքներ են ստացվել «Հասարակական կարծիք» հիմնադրամի (ФОМ) անցկացրած հարցումների արդյունքում:
Վերջին երեք ամսվա ընթացքում ռուսաստանցիների մեծամասնության սպառողական պահվածքը փոփոխվել է՝ բնակչության 39%-ը սկսել է գնել ավելի էժան մթերք, 31%-ը հրաժարվել է որոշ տեսակի մթերքներից, իսկ 29%-ը սկսել է գնել ավելի քիչ մթերք:
Ռուսաստանի քաղաքացիների կեսը (51%) վերջին շրջանում սկսել է ավելի շատ խնայել սննդի, առաջին հերթին՝ մսի, թռչնի, պանրի, երշիկի և մրգերի հաշվին: Հարցվածների 43%-ը տնտեսում է ոչ պարենային ապրանքների, առաջին հերթին՝ հագուստի և կոշիկի հաշվին:
18 և բարձր տարիք ունեցող ՌԴ քաղաքացիների հարցումն իրականացվել է 2015թ-ի մարտի 11-ին՝ ՌԴ 43 սուբյեկտի 100 բնակավայրում: Հարցմանը մասնակցել է 1500 մարդ: Հարցումը կատարվել է ըստ բնակության վայրի: Սխալանքի հավանականությունը կազմում է 3,6%: