Էրդողանը հայերին մեղադրում է Գալիպոլիի տոնակատարությանը խանգարելու մեջ

14:05     30 մարտի, 2015

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում միայն Անկարան է, որ դիմում է կառուցողական քայլերի: Նման համոզմունք է հայտնել Թուրքիայի նախագահը France 24 հեռուստաընկերության տված հարցազրույցի ժամանակ:

 «Հայաստանը որևէ դրական քայլ չի ձեռնարկել: Մենք միշտ խաղաղ ցանկություններով պարզել ենք մեր ձեռքը, բայց այն մշտապես մնացել է օդում: Անցած տարի ապրիլի 23-ին ես հանդես եկա ուղերձով, որը բավական դրական արձագանքներ ունեցավ: Հայաստանից սակայն այդ ուղերձը որևէ դրական արձագանքի այդպես էլ չարժանացավ», - հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյա տոնակատարությունների օր ընտրվեց հենց ապրիլի 24-ը և արդյոք դա նպատակ չուներ որոշակիորեն խանգարել հայերի կողմից նախաձեռնված հիշատակի միջոցառումներին` Էրդողանը պատասխանել է․«Մենք չենք պատրատսվում հայերից թույլտվություն վերցնել այս կամ այն քայլին դիմելուց առաջ: Դա պատմական ամսաթիվ է, որը վերաբերում է Գալիպոլիի ցամաքային ճակատամարտի 100-րդ տարեդարձին: Որևէ կապ Հայաստանի կողմից նախաձեռնած միջոցառումների հետ դա չունի: Ավելին, հենց հայկական կողմն է իր միջոցառումները այնպես կազմակերպել, որ դրանք համընկնեն մեր օրերի հետ»:  

Նշենք, որ այս հարցում թուրքական իշխանական շրջանակներում հակասական տեսակետներ են հնչում: Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը բելգիական Գենտ քաղաքի համալսարանում կազմակերպված «Նոր Թուրքիա» խորագրով համաժողովի ընթացքում հայտարարել  է, որ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնակատարությունները ապրիլի 24-ին կազմակերպելու որոշումն  պետք է դիտարկել առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում:  «Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը նպատակ ունի իր կողմը գրավել Անատոլիայում բնակվող պահպանողական, ազգայնական ընտրողների քվեները»,-նշել է Մահչուփյանը:


© armedia.am