«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Նաիրա Մկրտչյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Չինաստան կատարած վերջին այցի արդյունքները:
Գնահատելով այցի կարևորությունը՝ փորձագետը նկատեց, որ դրա շնորհիվ հայ-չինական հարաբերությունները դրվեցին նոր ռազմավարական գործընկերության մակարդակի վրա:
Իր խոսքում փորձագետն անդրադարձավ այցի շրջանակներում կնքված տասնյակ պայմանագրերին՝ նշելով և առանձնակի կարևորելով դրանցից մի քանիսը, ինչպես օրինակ` «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման գործում համագործակցության ամրապնդման մասին» հուշագիրը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական բանկի միջև հայկական դրամ/չինական յուան երկկողմանի SWAP կարգավորումների մասին» համաձայնագիրը, կնքված այլ պայմանագրեր ատոմային, քրեական, տեխնիկատնտեսական, Չինաստանի կողմից ՀՀ-ին արտոնյալ վարկի տրամադրման, մաքսային ոլորտի համագործակցության և փոխօգնության, գիտական աստիճանների փոխադարձ ճանաչման, ինչպես նաև ընդլայնված ռազմական համագործակցության ոլորտներում:
Անդրադառնալով այցի արդյունքում ընդունված հռչակագրի կետերին՝ փորձագետը Ցեղասպանության 100-ամյա տարելիցի համատեքստում հատկապես կարևորեց հռչակագրի այն կետը, որտեղ կողմերը մասնավորապես խոսում են «մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերին, նշում են դրանց ժխտման անընդունելիությունը՝ հանդես գալով դրանց դատապարտման և պատմական ճշմարտության պահպանման օգտին»:
Նաիրա Մկրտչյանը նաև ընդգծեց հռչակագրի այն կետը, որով չինական կողմը խրախուսում է մասնավոր ձեռներեցներին ներդրումներ կատարել Հայաստանում: Այս առումով փորձագետը նշեց. «Սա վկայում է այն մասին, որ Հայաստանն այսօր Չինաստանի կողմից դիտարկվում է որպես վստահելի տնտեսական գործընկեր»:
Վերջում, դատելով այցի ընդհանրական արդյունքներից, փորձագետը նկատեց, որ «նման բազմաբովանդակ և լեցուն օրակարգով» այցի կազմակերպումը կարելի է որակել որպես ՀՀ արտաքին քաղաքականության վերջին շրջանի լուրջ ձեռքբերում: