Սաուդյան Արաբիայի գլխավորած միջազգային արաբական կոալիցիան շարունակում է «Վճռորոշ փոթորիկ» գործողությունը Եմենում: Միաժամանակ Սաուդյան Արաբիան զինված ուժեր և զինամթերք է կուտակում սաուդա-եմենական սահմանի վրա: Կոալիցիան ավիահարվածներ է իրականացնում կարևոր ռազմական կառույցների ուղղությամբ: Տասնյակ զոհեր կան: Գործողությանը պաշտոնապես միացել են Եգիպտոսը, Հորդանանը և Սուդանը: Արդյունքում Եմենի հակամարտությունը դարձել է ոչ միայն Պարսից ծոցի միապետությունների, այլև ողջ մերձավորարևելյան տտարածաշրջանի խնդիրը: Թվում է, թե հակամարտությունը հանկարծակի սկսվեց, և դրա համար հիմքեր չկան: Սակայն դա միայն առաջին տպավորությունն է:
Եմենը գտնվում է Արաբական թերակղզու հարավում և սահմանակցում է Օմանի և Սաուդյան Արաբիայի հետ: Երկրի 26 միլիոնանոց բնակչության 60-70%-ը սուննիներ են, մյուսները հիմնականում զեյդի շիաներ են: 2011 թվականի հունվարին երկրում բողոքի ցույցեր սկսվեցին, որոնց արդյունքում Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը հրաժարական տվեց: Նոր նախագահի ընտրությունները կայացան 2012 թվականին, և փետրվարին Աբդ Ռաբբո Մանսուր Հադին ստանձնեց նախագահի պաշտոնը: Սակայն նա չկարողացավ իր ձեռքում կենտրոնացնել իշխանությունը: Երկում շարունակում էր գործել Ալ-Կաիդան, որը բավական ամուր դիրքեր ունի Եմենում: Երկրի հարավում անջատողական շարժումները պահանջում էին վերականգնել Եմենի հանրապետությունը: Միաժամանակ ակտիվացան խոուսիտները, ովքեր պատկանում են զեյդի փոքրամասնությանը և կազմում են երկրի հյուսիսային շրջանների բնակչության հիմնական մասը: Մինչև 1962 թվականի միապետության դեմ ուղղված հեղաշրջումը Հյուսիսային Եմենում զեյդիական իմամաթ է գոյություն ունեցել: Շիական խմբավորումների հակառակորդները կարծում են, որ նրանք այժմ փորձում են վերականգնել այդ իմամաթը: Սակայն ապստամբները պնդում են, որ իրենց նպատակը «գլխավորապես սուննիական երկրում շիա մուսուլմանների իրավունքների ընդլայնումն է»:
2015 թվականի հունվարին Եմենում իրավիճակը կտրուկ սրվեց: Հունվարի 20-ին խոուսիտները գրավեցին մայրաքաղաք Սանայում գտնվող նախագահական պալատը: Խոուսիտների ձևավորած Հեղափախական խորհուրդը, իշխանությունից հեռացնելով երկրի նախագահ Մ. Հադիին և կառավարությունը, մարտի 22-ին գրավեց մեծությամբ Եմենի երրորդ քաղաքը՝ Թաիզը:
Ի պատասխան՝ Եմենի նախագահը դիմեց ՄԱԿ-ին և Պարսից ծոցի միապետություններին՝ խնդրելով շտապ միջամտել և բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել օրինական իշխանությանը: Այսպես սկսվեցին Սաուդյան Արաբիայի գլխավորած ավիահարվածները:
Խոուսիտների և նրանց թիկունքում կանգնած Իրանի նպատակն է տապալել Եմենի իշխող վարչակազմը և այս կերպ հարված հասցնել Իրանի վաղեմի տարածաշրջանային մրցակցին՝ Սաուդյան Արաբիային: Վերջին տարիներին Իրանն ավելի շատ է ներգրավվում Սիրիայում, Իրաքում, Եմենում, Լիբանանում տեղի ունեցող իրադարձություններում, ինչն ավելի է սրում Սաուդյան Արաբիայի հետ Իրանի հարաբերությունները, որոնք մշտապես բարդ, անգամ թշնամական բնույթ են կրել, քանի որ երկու երկրներն էլ պայքարել են տարածաշրջանային գերիշխանության համար: Սակայն տարածաշրջանային երկու գերտերությունների բաց առճակատումը կարող է իսկապես պայթեցնել տարածաշրջանը:
Բացի այդ, չպետք է մոռանալ նաև Եմենի ռազմավարական կարևորության մասին: «Եմենը նավթ արդյունահանող խոշոր երկիր չէ, սակայն աշխարահագրության և քաղաքականության տեսանկյունից շատ կարևոր նշանակություն ունի Մերձավոր Արևելքի համար», - Bloomberg գործակալությանն ասել է CMC Markets ընկերության գլխավոր ռազմավար Ռիկ Սպուները: Եմենի Ադեն նավահանգիստը, որն այժմ վերահսկվում է խոուսիտների կողմից, առանցքային կետ է Պարսից ծոցից և Հնդկական օվկիանոսից Կարմիր ծովով դեպի Սուեզի ջրանցք նավթի տարանցման ճանապարհին: