Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում և Մեքսիկայում կբացվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խոշոր ցուցադրություններ, որոնց ընթացքում կներկայացվեն բնօրինակ նյութեր, ցեղասպանության զոհ դարձած կամ վերապրածների անձնական իրեր, լուսանկարներ և այլ թանգարանային նմուշներ: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Վերջինս տեղեկացրել է, որ հավաքածուի մեջ ընդգրկված են 1918թ-ին Կալիֆորնիայում Ավրորա Մարդիգանյանի դերակատարմամբ նկարահանված «Հոգիների աճուրդ» համր ֆիլմի պաստառները, լուսանկարները, անձնական իրերը, նրան նվիրված թողարկումները,
Փարիզի Նուբարյան գրադարանի փաստաթղթերն ու լուսանկարները և այլն:
Դեմոյանը նշել, որ ապրիլի 29-ին Փարիզի քաղաքապետարանում տեղի կունենա ժամանակավոր ցուցադրության բացումը, որը կրում է «Հայաստան 1915. Փարիզ քաղաքը հյուրընկալում է Երևան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն» խորագիրը և կգործի մինչև հուլիսի 4-ը: Կալիֆորնիայի խոշորագույն «Հրեական մշակութային կենտրոնում» ցուցադրությունը կբացվի ապրիլի 8-10-ը, իսկ Մեքսիկայի «Museo Memoria y Tolerancia» խոշորագույն սրահում՝ ապրիլի 16-ին:
Նախատեսվում է, որ ցուցադրություններ են լինելու նաև Նյու-Յորքում, Վաշինգտոնում: Խոշոր ցուցադրություն է լինելու նաև Մոսկվայում, որը կկրելու է «Հայոց ցեղասպանությունը և ռուսական արձագանքը» խորագիրը: Այն կբացվի ապրիլի 20-23-ը, որի ընթացքում կներկայացվեն բնօրինակ ցուցանմուշներ: