ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության և «CARD Agroservice» -ի միջև ստորագրված հուշագրի շրջանակներում օրերս գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Նորայր Մուսայելյանը, «Տոհմային կայան» ՓԲԸ տնօրեն Գեորգի Լալայանն ու կայանի մի խումբ մասնագետներ մասնակցել են Երևանում կազմակերպված սեմինար-խորհրդակցություններին, որոնց ընթացքում քննարկվել են հարցեր` կապված խոշոր եղջերավոր կենդանիների կերակրման և մատղաշի նպատակային աճեցման նորագույն տեխնոլոգիաների կիրառման հետ:
Սեմինարներն անցկացվել են հոլանդական «TROUW NUTRITION» ընկերության մասնագետ ֆրանս Վան Բոհեմենի և «CARD Agroservice» -ի մասնագետների ներգրավմամբ:
Հաշվի առնելով հոլանդական փորձը` հայ մասնագետները հատկապես կարևորել են հորթերի կերակրման համար օգտագործվող կաթի փոխարինիչները, որոնք իրենց սննդարարությամբ գերազանցում են անարատ կաթին, և դրանով կերակրելու դեպքում ստացվում է ավելի բարձր քաշաճ, ինչպես նաև` բարերար ազդեցություն է ունենում հետագա վերարտադրողականության վրա: Ընդհանուր առմամբ` նման հանդիպումները խիստ կարևոր են և խթան են հանդիսանում մասնագիտական կարողությունների և հմտությունների կատարելագործման համար, առավել ևս մեր ոլորտում, որտեղ ձեռք բերածով երբեք չպետք է բավարարվել, — նշել է Ն. Մուսայելյանը (աղբյուրը՝ ՀՀ գյուղնախարարություն):