«Դարեր շարունակ Հայաստանը եղել է պատմական Մետաքսի ճանապարհի մասնակից կարևոր երկիր, և շատ գովելի է այն, որ 21-րդ դարում Հայաստանը կրկին հայտնել է նոր ստեղծվելիք Մետաքսի ճանապարում իր դիրքը վերականգնելու պատրաստակամությունը: Եթե Հայաստանը կարողանա հասնել նրան, որ Մետաքսի ճանապարհը նաև անցնի ՀՀ տարածքով, ապա այն, անկասկած, նոր հեռանկարներ կբացի երկրի զարգացման համար», - անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի` Չինաստան այցի ընթացքում Հայաստանի և Չինաստանի միջև «Մետաքսի ճանապարհ» նախաձեռնության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը՝ նման կարծիք հայտնեց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Նաիրա Մկրտչյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Իր խոսքում փորձագետը պարզաբանեց չինական կողմի այս նախաձեռնության էությունը. Մետաքսի ճանապարհն իրենից ներկայացնելու է ոչ թե մեկ ճանապարհ, այլ ճանապարհների փունջ, որը Չինաստանը կմիացնի Արևմուտքին, Միջին Ասիային, Հարավային Կովկասին և Արևելյան Ասիային:
Խոսելով չինական այս նախաձեռնության և տարածաշրջանում տնտեսական այլ ծրագրերի համատեղելիության մասին, փորձագետը նկատեց, որ պատահական չէ այն, որ Չինաստան ՀՀ նախագահի այցի ընթացքում քննարկումներ են ծավալվել այնպիսի տնտեսական նախագծերի շուրջ, ինչպիսիք են Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը, Հայաստանն Իրանին միացնող երկաթուղին, որոնք ըստ փորձագետի՝ լրիվ համատեղելի են Մետաքսի ճանապարհի ստեղծման համատեքստին:
Փորձագետը կարծիք հայտնեց, որ ՀՀ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը նույնպես համատեղելի է Մետաքսի ճանապարհի ստեղծման հետ, քանի որ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունը կունենա իր դրական ազդեցությունը Մետաքսի ճանապարհի նախագծում ՀՀ դիրքերի ամրապնդման գործում՝ ավելի մեծ հնարավորություններ ստեղծելով Հայաստան-Չինաստան երկկողմ համագործակցության խորացման համար:
Նաիրա Մկրտչյանը փորձեց նաև պարզաբանել Չինաստանի` այլ երկրների հետ համագործակցության տրամաբանությունը՝ մեջբերելով ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի խոսքերը. «Եթե ցանկանում ես արագ գնալ` միայնակ գնա, սակայն եթե ցանկանում ես հեռուն գնալ, ապա միասին գնա»: