Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը մարտի 30-ին Հայաստանի «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագրի» (ԷՀՑԲԾ) համար հաստատել է 52 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկը:
Նոր ծրագիրը կբարելավի էլեկտրահաղորդման ցանցի հուսալիությունը և համակարգի կառավարումը՝ օժանդակելով երկրում բավարար էլեկտրամատակարարում ապահովելու կառավարության ջանքերին:
«Ներկայումս Հայաստանի էներգետիկ ոլորտի առջև ծառացել են մի շարք մարտահրավերներ, այդ թվում՝ մատակարարման համարժեքությունն և հուսալիությունը: Ընտրված ենթակայանների վրա ծրագրի կենտրոնացումը կբարելավի համակարգի հուսալիությունը և ուղղակի նպաստավոր կլինի Հայաստանում էլեկտրաէներգիայի բոլոր սպառողներին»,-ասել է Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի տնoրեն Լորա Ի. Բեյլին:
Ավելացնենք, որ «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագրի» ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 69.16 միլիոն ԱՄՆ դոլար, որից 17.16 միլիոն ԱՄՆ դոլարը կտրամադրի Կառավարությունը: Համաշխարհային բանկը կտրամադրի 52 միլիոն ԱՄՆ դոլար վարկ, փոփոխական տոկոսադրույքով՝ 14.5 տարի արտոնյալ ժամկետով և 25 տարի մարման ընդհանուր ժամկետով:
1992 թ. Համաշխարհային բանկին և 1993 թ. ՄԶԸ-ին անդամակցելուց ի վեր ընդհանուր առմամբ Հայաստանին տրամադրվել է 2,118.730 միլիոն ԱՄՆ դոլար: