Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ովքեր հանդես են գալիս երկրում նախագահական համակարգի հաստատման օգտին, հերթական քայլն են կատարել այս ուղղությամբ: Դավութօղլուն հաստատել է իշխող Արդարություն և զարգացում կուսակցության նախընտրական ծրագիրը, որտեղ նախագահական համակարգի հաստատումը կուսակցության առաջնահերթությունների շարքում է ընդգրկված: Այս ծրագիրն արդեն արժանացել է Էրդողանի հավանությանը, գրում է Hurriyet Daily News-ը: «Վարչապետը շատ մանրամասնորեն շարադրել է իր տեսակետը նախագահական համակարգի հետ կապված: Ես այն կարդացել եմ և նույնպես արտահայտել իմ կարծիքը», - ասել է Էրդողանը:
Սա լուրջ դժգոհություն է առաջացրել թուրքական ընդդիմության շրջանում: Թուրք ընդդիմադիր գործիչները պնդում են, որ Էրդողանը գործում է որպես իշխող կուսակցության, այլ ոչ թե Թուրքիայի նախագահ: «Եթե Էրդողանը բացահայտ գործում է որպես քաղաքական կուսակցության կողմնակից, ապա նրան պետք է հարցնել, թե ինչ է նա հասկանում պատիվ ասելով: Ի՞նչ եք դուք հասկանում անկողմնակալության երդում ասելով», - ասել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն:
«Մի՞թե պատիվն այդքան էժանագին գաղափար է», - ասել է Քեմալ Քըլըչդարօղլուն: Ինչպես հայտնում է Today’s Zaman-ը, Էրդողանը չի կարողացել պահել իր երդումը և մի շարք հավաքների ժամանակ կոչ է արել մարդկանց քվեարկել իշխող կուսակցության օգտին, մինչդեռ Սահմանադրությամբ, որտեղ ընդգծվում է նախագահի անկողմնակալությունը, նախագահը պարտավոր է ընտրվելուց հետո դադարեցնել իր կապերն իր քաղաքական կուսակցության հետ:
Նա նաև քննադատել է Էրդողանին և Դավութօղլուին նախագահական համակարգին անցնելը գերակայություն համարելու համար՝ նշելով, որ իրականում երկրի առջև բազմաթիվ այլ խնդիրներ կան ծառացած, ինչպիսիք են գործազրկությունն ու աղքատությունը:
Նշենք, որ Էրդողանը նախագահական համակարգի գլխավոր ջատագովն է: «Թուրքիայում կառավարման ներկա համակարգն անարդարություն է, որն իրականացվում է մեր ժողովրդի դեմ: Նոր Թուրքիան զարգանալու է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և գործարարների հետ: Ես խնդրում եմ ձեզ ցանկացած հնարավորության դեպքում խոսել Նոր Թուրքիայի և նախագահական համակարգի մասին: Թուրքիան պետք է համակցված ընկերության նման կառավարվի: Այլապես, ձեր ձեռքերին ձեռանշղթաներ կլինեն, և դուք չեք կարող առաջ շարժվել», - Էրդողանի խոսքերը մեջբերում է Today’s Zaman-ը: «Եթե դուք մեզ 400 պատգամավորներ տաք, նոր Սահմանադրություն կմշակվի, և նախագահական համակարգ կլինի», - հայտարարել է Էրդողանը:
Նա նաև նշել է, որ Թուրքիայի ՀՆԱ-ն ներկայիս 11 հազար ԱՄՆ դոլարից 2023 թվականին կհասնի 25 հազար դոլարի, եթե երկիրը անցնի նախագահական համակարգի: Սակայն թուրքական ընդդիմությունը պնդում է, որ նախագահական համակարգ ունենալու այս ցանկության հիմքում ընկած են Էրդողանի ավտորիտար նկրտումները: