Թուրքիայում կկառուցվի երեք ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ): Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թաիփ Էրդողանը:
Ըստ Էրդողանի՝ Թուրքիայի էլեկտրաէներգիայի պահանջն աճում է օրեցօր և այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ է երկրում կառուցել երեք ատոմակայան: Երրորդ ատոմակայանի կառուցման վերաբերյալ նախագահը որևէ լրացուցիչ տեղեկություն չի հայտնել:
Առաջին ատոմակայանը՝ «Ակկույուն» պետք է կառուցվի ըստ ռուսական նախագծի և կարժենա մոտ 20 միլիարդ դոլար: Ատոմակայանի կառուցման վերաբերյալ ռուս-թուրքական պայմանագիրը ստորագրվել է 2010թ-ին: Ծրագրի շրջանակներում արդեն 2015թ-ի ապրիլին կսկսվեն նախագծված ատոմակայանի ենթակառուցվածքների ստեղծումը: ԱԷԿ-ը կունենա 4 ВВЭР տիպի ռեակտոր և տարեկան կարտադրի 35 մլրդ կվ/ժ էլեկտրաէներգիա:
Օրերս Թուրքիայի Մեծ ազգային խորհուրդը հավանություն էր տվել երկրորդ ատոմակայանը կառուցելու վերաբերյալ թուրք-ճապոնական պայմանագրին: Այն կկառուցվի Սև ծովի ափին՝ Սինոպ նահանգում: Նախագծի իրականացումը նախատեսվում է ավարտել 2023թ-ին և, ըստ կանխատեսումների, գործող ԱԷԿ-ը տարեկան կապահովի 40 մլրդ կվ/ժ էլեկտրաէներգիա: