Թուրքիայում դատարանն արդարացրել է 236 զինվորականների, ովքեր մեղադրվում էին 2003 թվականին Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ դավադրություն կազմակերպելու մեջ, ով այդ ժամանակ դեռևս զբաղեցնում էր երկրի վարչապետի պաշտոնը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Դատարանը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ մեղադրող կողմը կարծիք է հայտնել, թե ներկայացված թվայնացված ապացույցներն անընդունելի են դիտարկման համար: Ընդհանուր առմամբ այս գործով 361 կասկածյալ կար:
Ինչպես հայտնում է Today’s Zaman-ը, վերոնշյալ 236 արդարացված զինվորականների թվում մի շարք բարձրաստիճան գեներալներ կան, ինչը վկայում է այս գործի լրջության մասին:
2012 թվականին այս զինվորականները մեղավոր էին ճանաչվել: Սակայն ավելի ուշ սահմանադրական դատարանի որոշմամբ գործը վերանայման դրվեց: Իշխանությունները պնդում էին, որ «Կուվալդա» գործի շրջանակներում զինվորականները նպատակ են ունեցել ապակայունացնել երկրում տիրող իրավիճակը և այդ պատրվակով իշխանությունը վերցնել իրենց ձեռքը:
Կասկածյալներն այս մեղադրանքները հորինված էին անվանում՝ նշելով, որ դրանք նպատակ ունեն վարկաբեկել ընդդիմադիր ուժերին: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, զինվորականները հայտարարում էին, որ այդ ծրագիրը ռազմական խաղի սցենար է եղել, և իրականության հետ ոչ մի կապ չի ունեցել:
Այս գործը շատերը նմանեցնում են 2008 թվականի «Էրգենեկոնի» գործի հետ, երբ զինվորականները կրկին մեղադրվեցին պետական հեղաշրջում ծրագրելու մեջ: Վերլուծաբանները նշում են, որ այս գործերի միջոցով Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը փորձում էր թուլացնել երկրում զինվորականների դիրքերը, ովքեր ավանդաբար զգալի ազդեցություն են ունեցել Թուրքիայում:
Հատկանշական է, որ այս դատական գործը, որը հայտնի է նաև Բալյոզ (Balyoz) անունով, երկար ժամանակ ներկայացվում էր որպես Էրդողանի և նրա կուսակցության դեմ զինվորականների կազմակերպած դավադրության գլխավոր ապացոււյց: Եվ հիմա դատարանի նման որոշումը վկայում է իշխող կուսակցության դիրքորոշման կտրուկ փոփոխության մասին: Չի բացառվում, որ այս որոշումը կապված է առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ, և ԱԶԿ-ն փորձում է ստանալ զինվորականների աջակցությունը ներքին դժգոհությունների համապատկերի վրա: Նշենք, որ օրերս Թուրքիայում հաստատված ներքին անվտանգության մասին օրենքը, ինչպես նաև երկրում նախագահական համակարգ հաստատելու Էրդողանի ձգտումը բողոքի նոր ալիք են բարձրացրել թուրքական ընդդիմության շրջանում: Մյուս կոմից, քրդական խնդրի շուրջ խաղաղ գործընթացը շատ դանդաղ է ընթանում, ինչը նշանակում է, որ Էրդողանի կուսակցությունը դժվար թե ստանա քրդերի ձայները: Հետևաբար, այս պահին շեշտը դրվում է զինվորականների վրա: