ԵԱՀԿ Մինսկի խումբը ջանացել է, որպեսզի ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի բուն միջոցառումների ու Բաքվում կայանալիք եվրոպական ամառային խաղերի ժամանակ շփման գծում կրակի իսպառ դադարեցում լինի, ինչում բանագնացները էական արդյունքների չեն հասել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Պատասխանելով լրագրողների հարցրին, թե արդյո՞ք Մինսկի խմբի Վիեննայում կայացած հանդիպումը որևէ կապ ունի ապրիլի 24-ի հետ՝ քաղաքագետը նշել է․ «Դա նրանց աշխատանքն է հենց դրա համար էլ նշանակված են, որպեսզի քննարկեն ղարաբաղյան հակամարտությունը: Եվ տարօրինակ կլիներ, որ նրանք հանդիպեին` քննարկելու Մոցարտի երաժշտությունը կամ իռլանդական ժողովրդական պարերը: Ապրիլի 24 տարեթիվը սրան առնչությո՞ւն ունի, այո՛, ունի: Եվ որքանով ես եմ տեղյակ, փորձ է արվել հասնել զինադադարի`առ ժամանակ կրակի դադարեցման ապրիլի 24-ին և այն ժամանակահատվածի համար, երբ Ադրբեջանում կանցկացվեն համաեվրոպական խաղերը: Շշուկներ կան, որ այնքան էլ չի հաջողվել: Ակնհայտ է, որ էլի կփորձեն, կստացվի՞, թե՝ ոչ, չեմ կարող ասել»։