Ապրիլի 24-ին Հանրապետության հրապարակում համերգի կմասնակցեն երաժիշտներ աշխարհի 40 երկրներից

16:24     3 ապրիլի, 2015

Աշխարհի 40 երկրների 100 երաժիշտներ Հանրապետության հրապարակում ապրիլի 24-ին կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգին: «Արմենպրես»-ի թղթակցին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրել են, որ Երևանի Հանրապետության հրապարակում ապրիլի 24-ին՝ ժամը 20.15-ին, տեղի կունենա «24/04 Orchestra» նվագախմբի համերգը։

«Աշխարհի ավելի քան 40 երկրից Հայաստան կժամանեն մոտ 100 երաժիշտներ, և միանալով իրենց հայ գործընկերներին՝ բացառիկ այդ համերգով բազմազգ երաժիշտները հանդես կգան խաղաղության, սիրո, հումանիզմի կոչերով։ Համերգը ղեկավարելու են դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը, Հովհաննես Չեքիջյանը, Ջանլուկա Մարչիանոն, Միխայիլ Յուրովսկին։ Համերգը կայանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում»,-նշել են ՀՊԵՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Համերգի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի կդառնան ավելի ուշ:


© armedia.am