«Բալկանյան քառյակն» աջակցում է Թուրքիայի տարածքով գազի մատակարարումների դիվերսիֆիկացմանը

13:23     8 ապրիլի, 2015

Հունաստանը, Սերբիան, Մակեդոնիան, Հունգարիան և Թուրքիան աջակցում են դեպի Եվրոպա մատակարարվող գազի աղբյուրների և երթուղիների դիվերսիֆիկացմանը Թուրքիայի տարածքով: Երեքշաբթի Բուդապեշտում ընթացող բանակցությունների արդյունքում չորս երկրների արտգործնախարարները և Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարարը ստորագրել են համատեղ հռչակագիր՝ էներգետիկ համագործակցության ամրապնդման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին:

«Մենք մեր աջակցությունն ենք հայտում Թուրքիայից մեր տարածքով Կենտրոնական և Հարավ-արևելյան Եվրոպայի և այլ երկրներ գազի մատակարարման աղբյուրների և երթուղիների դիվերսիֆիկացման հնարավոր կենսունակ տարբերակներին»,- նշված է փատաթղթում, որը հրապարակել է Հունաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ըստ հռչակագրի՝ արդեն իրականացվել կամ նախագծված են մի քանի ենթակառուցվածքային գազային նախագծեր, որոնք կոչված են բարելավել մատակարարումները ազգային և տարածաշրջանային մակարդակով:

Ինչ վերաբերում է համագործակցության արդյունավատետությանը, ապա հռչակագիրն ընդունած երկրները վստահ են, որ այն կնպաստի Թուրքիայի և ԵՄ էներգետիկ շուկան «Հարավային գազային միջանցքի» միջոցով դիվերսիֆիկացնելուն, ինչպես նաև կստեղծի տարածաշրջանի տնտեսական զարգացման հնարավորություններ՝ ԵՄ աջակցությամբ հինգ երկրների գազային ենթակառուցվածքները կապելու դեպքում: Կողմերը մտադիր են նաև բարելավել գազապահեստների աշխատանքը՝ սեզոնային հավասարակշռության պահպանման և անկանխատեսելի ընդհատումների ժամանակ էներգետիկ անվտանգության  ապահովման նպատակով:

Փաստաթղթում նշվում է նաև, որ անհրաժեշտ է շարունակել քննարկումները և երկխոսությունը մասնակից երկրների և հետաքրքրված ընկերությունների միջև:

 


© armedia.am