Թուրքիան մտադիր է ամեն կերպ կանխել Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը

17:30     11 ապրիլի, 2015

Թուրքական իշխանությունների շրջանում իրական խառնաշփոթ է: Թուրքիան մտադիր է հնարավոր ամեն բան ձեռնարկել, որ Եվրոպական խորհրդարանը 1915 թվականի իրադարձությունները Ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ բանաձև չընդունի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամլո խոսնակ Թանժու Բիլգիչը: Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Եվրախորհրդարանում քննարկում է տեղի ունենալու Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման հարցի շուրջ: «Թուրքիայի պաշտոնատար անձինք կայցելեն Եվրոպական խորհրդարան, որ հանդիպեն նրա նախագահ Մարտին Շուլցի հետ», - ասել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը: Նա նշել է, որ Թուրքիան արդեն հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկել է Դանիայի խորհրդարանի կողմից նման բանաձևի ընդունումը կանխելու համար, գրում է Hurriyet Daily News-ը:

Եվրախորհրդարանի փոխնախագահ Ուլրիկի Լունաչեկն ավելի վաղ ընդգծել է համապատասխան բանաձևի ընդունման կարևորությունը` հայտարարելով, որ ԵՄ անդամ-պետությունների խորհրդարաններին և կառավարություններին առաջարկվելու է համապատասխան բանաձևեր ընդունել և դատապարտել մարդկության դեմ գործված այս հանցագործությունը:

Միաժամանակ թուրքական իշխանությունները ջանք չեն խնայում աշխարհին որպես հումանիստ ներկայանալու համար: Թուրքիան հայտարարում է, որ մի շարք խոշոր վերակառուցողական նախագծեր է ձեռնարկել հայկական եկեղեցիների վերականգնման համար: Այս նախագծերը թուրքական կառավարության ծրագրի մի մասն է, որը ցանկանում է ցույց տալ, թե բարելավում է հարաբերությունները Թուրքիայի հայ համայնքի հետ: Սակայն բոլորը վստահ են, որ ավելի քան մեկ տասնյակ եկեղեցիների վերականգնման այս ծրագիրը կապված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ:

Ինչպես նշում է թուրքական Hurriyet-ը, Թուրքիայի հայ համայնքի հետ հաշտության եզրեր գտնելու թուրքական կառավարության ջանքերը սկսվել են մի քանի տարի առաջ Վան քաղաքում Ախթամար եկեղեցու վերաբացմամբ: Նշվում է, որ Անկարան 2 միլիոն թուրքական լիրա է ծախսել եկեղեցու վերականգնման համար, և 2010 թվականին վերջին 95 տարվա մեջ առաջին անգամ այնտեղ պատարագ մատուցվեց:



 


© armedia.am