Պատրուշև. Եմենի ճգնաժամը կարող է վերածվել Իրան-արաբական երկրներ առճակատման

09:46     13 ապրիլի, 2015

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը զգուշացրել է, որ Եմենում ընթացող ռազմական գործողությունները կարող են լուրջ հակամարտության վերաճել արաբական երկրների և Իրանի միջև, հայտնում է Sputnik News-ը:

Այս առումով ՌԴ պաշտոնյան մասնավորապես նկատել է.

 «Հակամարտության մեջ  ներգրավվող պետությունների թիվը աստիճանաբար աճում է` ներառելով Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Հորդանանը, Մարոկկոն, Պակիստանը և Սուդանը: Ներկայիս դրությունը կարող է վերաճել սուննի-շիա լայն առճակատման` վերջիվերջո դառնալով  հակամարտություն արաբական երկրների և Իրանի միջև»:

Զուգահեռներ տանելով Եմենի ճգնաժամի և Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների միջև` ՌԴ պաշտոնյան ավելացրել է.

 «Կա մտավախություն, որ Եմենում աճող լարվածությունը կարող է իր ազդեցությունը ունենալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վրա, քանի որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները սերտորեն փոխկապակցված են: Եմենում զարգացումները չեն ստիպի Ռուսաստանի Դաշնությանը փոխել, կոշտացնել իր դիրքորոշումը Իրանի բանակցություններում: Մենք անկեղծորեն հավատում ենք, որ բանակցող մյուս կողմերը նույնպես կորդեգրեն այս սկզբունքը»:





© armedia.am