Մամուլի ազատությամբ Հայաստանը գերազանցում է Հունաստանին և Բուլղարիային

13:02     15 ապրիլի, 2015

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2015թ.-ի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը, որտեղ 180 երկրների շարքում Հայաստանը 78-րդն է: Նախորդ տարվա համեմատ ՀՀ-ն  պահպանել է իր դիրքը:  Այնուամենայնիվ Արևելյան գործընկերության երկրների շարքում Հայաստանն այս տարի հայտնվել է 3-րդ տեղում` զիջելով Մոլդովային և Վրաստանին, նախորդ տարվա 2-րդ տեղի փոխարեն, երբ ԱլԳ շրջանակներում մամուլի ազատությամբ մեզանից ավելի լավ դիրքերում էր միայն Մոլդովան: Այս տարի Վրաստանը զգալիորեն բարելավել է իր դիրքը` հայտնվելով  69-րդ հորիզոնականում նախորդ տարվա 84-րդի փոխարեն: Հայաստանին բավականին մեծ տարբերությամբ հաջոդում են Ուկրաինան (129-րդ տեղ), Բելառուսը (157-րդ), Ադրբեջանը (162-րդ): Թուրքիան ցանկում 149-րդն է, Ռուսաստանը` 152-րդը: Ընդ որում, Հայաստանը մամուլի ազատության ինդեքսով առավել բարվոք տեղում է գտնվում, քան ԵՄ անդամներ Հունաստանը և Բուլղարիան:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կողմից մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը հրապարակվում է ամեն տարի 2002թ.-ից: Շահույթ չհետապնդող միջազգային այս կազմակերպությունը, որի նպատակը տեղեկատվության տարածման ազատությունը պաշտպանելն է,  գրանցված է Ֆրանսիայում և խորհրդակցական մարմնի կարգավիճակ ունի ԱՄՆ-ում, ՅՈՒՆԵՍԿՕ-ում:  

Աշխարհի 180 երկրների համար հաշվարկվող ինդեքն արտացոլում է մասնագիտական գործունեություն ծավալելու հարցում  լրագրողների,  բլոգերների, ինչպես նաև լրահոսի ազատության աստիճանը, այս ազատությունները հարգելու և ապահովելու հարցում` իշխանությունների ջանքերը: Ինդեքսը չի արտացոլում լրատվության որակն առանձին երկրներում: Կազմակերպության կողմից ինդեքսը հաշվարկվում է ներառված երկրներում իրականացված հարցախույզերի արդյունքների հիման վրա:  


© armedia.am