Այսօր Արցախի քաղաքական և պետական գործիչ, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի մահվան 23-րդ տարելիցն է, հաղորդում է Artsakhpress.am-ը։
Տարելիցի կապակցությամբ Ստեփանակերտի հուշահամալիր են այցելել և Արթուր Մկրտչյանի հուշաքարին ծաղիկներ խոնարհել նրա ընտանիքի անդամները, հարազատները, ԼՂՀ ԱԺ պատգամավորներ և մարտական ընկերներ։
Արթուր Մկրտչյանը ծնվել է 1959 թվականին Հադրութի շրջանի Էդիլու գյուղում։
1976 թվականին, ավարտելով գյուղի միջնակարգ դպրոցը, ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմական ֆակուլտետը։ Համալսարանն ավարտելուց հետո սովորել է Մոսկվայի Միկլուխո Մակլայի անվան ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում։
1981-1983 թվականներին աշխատել է Հայաստանի ազգագրության պետական թանգարանում, ապա՝ 1986 թվականին տեղափոխվել է ծննդավայր և աշխատել Հադրութում՝ որպես պատմա-երկրագիտական թանգարանի տնօրեն։
1988 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզը և ստացել պատմության գիտությունների թեկնածուի աստիճան։
Մասնակցել է Հադրութի շրջանի հայկական գոտիների ազատագրման կռիվներին։ 1992 թվականի հունվարին ընտրվել է ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։
1992 թվականի ապրիլի 14-ին եղերական մահը կտրել է նրա կյանքի թելը: