Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանն, այդ պաշտոնում իր նշանակվելուց ի վեր, երբևէ աչքի չի ընկել հայանպաստ դիրքորոշմամբ: Հակառակը` հրապարակային բոլոր ելույթներում նա մշտապես հավաստիացրել է, որ վարչապետի խորհրդականի պաշտոնում առաջնորդվելու է բացառապես Թուրքիայի շահերով, ինչը թերևս առավել քան հասկանալի է: Երեկ, սակայն, պաշտոնյան հանդես է եկել այս կոնտեքստում առաջին հայացքից փոքր-ինչ տարօրինակ հայտարարությամբ. մասնավորապես անդրադառնալով Հռոմի պապի հայտարարությանը` Մահչուփյանը նշել է, «որ երբ Բոսնիայում և Աֆրիկայում տեղի ունեցած դեպքերն անվանում են ցեղասպանություն, 1915 թվականին հայերի դեմ կատարվածը «ցեղասպանություն» չանվանելն անհնար է»: Դավութօղլուի խորհրդականը նշել է. «Վատիկանն իր վրայից նետել է շուրջ 100 տարվա հոգեբանական ծանրությունը: Երբ ասում եք, թե ինչու է այս բառն օգտագործել 100 տարի անց, պետք է հարցին հակառակ կողմից մոտենալ և ասել, թե ինչպես է Վատիկանն այսքան տարի դիմացել և չի ասել»: Այնուհետև Մահչուփյանը նշել է, որ Հռոմի պապի խոսքերի մեջ քաղաքական որևէ ենթատեքստ փնտրել պետք չէ ` հավելելով. «Թե՛ հայերի, թե՛ այլազգիների համար «ցեղասպանություն» եզրույթը քաղաքական լինելուց զատ ավելի շատ հոգեբանական իմաստ է սկսել կրել»: Այս վերջին շեշտադրումն էլ լույս է սփռում հայկական հարցի առնչությամբ պաշտոնյայի դիրքորոշման հանկարծակի «փոփոխության» շարժառիթի վրա:
Ցեղասպանության հարցում Թուրքիայի նկատմամբ միջազգային ճնշման առկա ալիքի ներքո նախկին բիրտ ձևերով ցեղասպանության փաստը հերքելն այլևս բարդ է դարձել: Ուստի թուրքական քաղաքական որոշ շրջանակներից այժմ ականատես ենք լինում փոքր-ինչ այլ մոտեցման դրսևորման, այն է` Ցեղասպանության մասին ազատ խոսելով խուսափել դրա համար պատասխանատվությունից: Հենց այս մոտեցմամբ է բացատրվում «ցեղասպանություն» բառը առավելապես հոգեբանական և ոչ թե քաղաքական կամ իրավաբանական իմաստով ընկալելու առաջարկը: