Վրացի փորձագետների հաշվարկների համաձայն՝ Հարավային Օսիային և Աբխազիային «պահելը» ռուսական բյուջեի վրա արժենում ավելի քան 1 մլրդ դոլար, գրում է վրացական «Резонанси» թերթը։ Վերջինիս փոխացմամբ՝ Հարավային Օսիայի բյուջեի 92%-ը կազմված է ռուսական փողերից, իսկ մնացած 8%՝ ռուսական փողերով վճարված աշխատավարձների եկամտահարկերից։ Ինչ վերաբերում է Աբխազիայի բյուջեին, ապա այն կիսով չափ լրացվում է Ռուսաստանից փոխանցված տրասֆերների միջոցով։ Այս համատեքստում հարկ է նշել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը ևս դեռևս միջազգայնորեն չի ճանաչվել, ավելի մեծ հաջողություններ է գրանցում տնտեսական ոլորտում՝ չնայած ֆինանսական օգնությունը երկու անգամ ավելի քիչ է։ Արցախի պետական բյուջեի սեփական մուտքերը 2015թ․ ծրագրվել են 36.8 մլրդ դրամի չափով, ինչը 9.9%-ով ավել է նախորդ 2014թ-ի ցուցանիշից (ավելացում` 3.3 մլրդ դրամ): Հայաստանի Հանրապետության կողմից ԼՂՀ-ին հատկացվող միջպետական վարկը 2015թ. կկազմի մոտ 45.518 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 1.828 մլն դրամով (4.2%): Այսինքն՝ ԼՂՀ-ը բյուջեի մոտ 40 տոկոսը ձևավորվում է սեփական միջոցներով։
Ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի, որտեղ բյուջեում սեփական միջոցները տարեցտարի ավելանում են, Հարավային Օսիայում և Աբխազիայում ավելանում է օտարերկյա՝ ռուսական ֆինանսական օգնությունը։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ, ի տարբերություն Աբխազիայի և Հարավային Օսիայի, Լեռային Ղարաբաղի հանրապետությունը ապրում է պատերազմի վերսկսման սպառնալիքի պայմաններում` բավական լուրջ միջոցներ հատկացնելով նաև պաշտպանության ոլորտին: Ավելացնենք նաև, որ և' Աբխազիան, և' Հարավային Օսիան աչքի են ընկնում պետական միջոցների ծախսման արդյունավետությամբ, ինչն առավել տեսանելի է կոռուպցիայի բարձր մակարդակի ֆոնին։
Հատկանշական է նաև, որ Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ ՌԴ կնքած վերջին պայմանագրերով Ռուսաստանը պարտավորվել է ավելացնել այս երկու պետություններին հատկացվող օգնության չափը։ Այսպես, տնտեսական բարդ պայմաններում, երբ ռուսական տնտեսությունը լուրջ ճգնաժամ է ապրում և պետական բյուջեում կրճատվում են բոլոր ծախսերը, Ռուսաստանը Աբխազիային հատկացնելու է 9 մլրդ ռուբլի ֆինանսական օգնություն՝ երկու անգամ ավելի, քան նախորդ տարի։ Իսկ Հարավային Օսիային 2015թ Ռուսաստանը կհատկացնի 3.6 մլրդ ռուբլի բյուջետային ոլորտի և ևս 3 մլրդ ռուբլի՝ Ներդրումային ծրագրերի իրականացման համար, ինչը մոտ երկու անգամ գերազանցում է նախորդ տարվա օգնության չափը։ Ռուսաստանը նաև պարտավորվել է օգնել այս երկու պետություններին սոցիալական ոլորտում՝ բարձրացնելով կենսաթոշակները, պետական հիմնարկների աշխատավարձերը։