Աշխարհի յուրաքանչյուր պետության անձնագիր ունի իր անձնագրային ինդեքսը: Այն որոշվում է ըստ երկու չափանիշի` վիզային ազատության միավորի (Visa Free Score) և անձնագրի «ուժի» վարկանիշի (Passport Power Rank):
Առաջինը ցույց է տալիս, թե մարդ տվյալ անձնագրով առանց մուտքի հրավերի քանի երկիր կարող է մուտք գործել: Երկրորդ ցուցանիշն (PPR) իրենից ներկայացնում է վարկանիշային ցանկ, որտեղ երկրները բաշխված են` ըստ իրենց մուտքի արտոնագրային ազատության գնահատականի: Որքան PPR ցուցանիշը բարձր է, այնքան տվյալ երկրի անձագիրն ավելի բարձր տեղում է գտնվում:
Անձնագրային ինդեքսի հաշվարկման ցանկում ներառված երկրների անձնագրերի շարքում Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության անձնագրերը զբաղեցնում են առաջին հորիզոնականը` ապահովելով ազատ մուտք 147 երկիր: Երկրորդ տեղում են գտնվում Հարվային Կորեայի, Գերմանիայի և Ֆրանսիայի անձնագրերը` 145 երկիր ազատ մուտքի հնարավորությամբ: Առաջատարների տասնյակում տեղ են գտել նաև այնպիսի երկրներ, ինչպիսիք են` Իտալիան, Շվեդիան, Սինգապուրը, Ճապոնիան, Ֆինլանդիան:
Անձնագրային ինդեքսի ցանկում վերջին հորիզոնականներում են հայտնվել Սողոմոնյան կղզիները, Մյանմարը, Հարավային Սուդանը և Պաղեստինը:
Ըստ անձնագրային ինդեքսի` Հայաստանի Հանրապետությունը գտնվում է 62-րդ հորիզոնականում` իր քաղաքացիների համար ազատ մուտք ապահովելով աշխարհի 55 երկիր: Մեր հարևաններից Վրաստանը զբաղեցնում է 59-րդ, Ադրբեջանը՝ 57-րդ, Թուրքիան`29-րդ, իսկ Իրանը՝ 70-րդ հորիզոնականը: