Սիրիական իշխանությունները, ինչպես նաև զինված ընդդիմությունը հերքել են երկրում քիմիական զենքի կիրառման հարցում իրենց մասնակցությունը, հայտնում է Reuters գործակալությունը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ապրիլ 16-ին ներկայացվել է Սիրիայում քիմիական զենքի կիրառումը փաստող ապացույցներ:
Փաստագրական կադրերը ցույց են տալիս մինչև 4 տարեկան 4 մահացած երեխաների: Նրանց փրկել փորձած Իդլիբ նահանգի հիվանդանոցի բժիշկները հայտնում են, որ դա քլորին գազով թունավորվելու առաջին դեպքը չէ:
Ավելի վաղ, Սիրիական իշխանություններին մարտի 16-31-ը ընկած ժամանակահատվածում քիմիական զենք օգտագործելու մեջ մեղադրել էր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սամանտա Փաուերը այս կապակցությամբ հայտարարել է, որ Սիրիայում միայն կառավարական ուժերը կարող են օգտագործել քիմիական զենք:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հերքել է քիմիական զենք օգտագործելու հերթական մեղադրանքը: Ասադը հայտարարել է, որ ՄԱԿ-ը հաշվի չի առնում ահաբեկիչների կողմից քիմիական զենք կիրառելու ապացույցները, ինչը թույլ է տալիս այս լսումները դիտարկել որպես Սիրիայի դեմ քաղաքական քարոզչության մի մաս:
«Սիրիան դիմել է ոչ թե ինչ-որ պետության, այլ ՄԱԿ-ին: Երբ Սիրիայի հյուսիսում ապացույցներ կային ահաբեկիչների դեմ, ՄԱԿ-ը չփորձեց անգամ ստուգել դրանք: Նրանք այդ մասին չհիշատակեցին: Հետևաբար սա հանդիսանում է Սիրիայի դեմ քաղաքական օրակարգի բաղկացուցիչ մաս»,-հայտարարել է Ասադը:
Հիշեցնենք, որ 2014 թվականի հունիսին հաղորդվում էր, որ Սիրիայից ամբողջությամբ դուրս է հանվել վերջինիս քիմիական զենքի պաշարները, իսկ հոկտեմբերին Քիմիական զենք արգելող կազմակերպությունը հայտարարեց, որ Սիրիայից դուրս բերված քիմիական զենքի 97 տոկոսը ոչնչացված է: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ՝ զինաթափման հարցերով գերագույն ներկայացուցիչ Անգելա Քեյնը վերջերս հայտարարել է, որ Սիրիայի քիմիական զենքի և քիմիական օբյեկտների ամբողջական վերացումը գտնվում է վերջնական փուլում: