Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին ֆրանսիական «France 24» հեռուստաալիքի ֆրանսերեն և անգլերեն բաժինների եթերն ամբողջությամբ նվիրված կլինի հայ ժողովրդին, պատմությանը և մշակույթին:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»ը` կհեռարձակվեն այդ նպատակով ամիսների ընթացքում պատրաստված ռեպորտաժներ Հայաստանի և Երևանի մասին: Մեծ տեղ կհատկացվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հաղորդումներին և քննարկումներին, կներկայացվի հայոց պատմությունը և հայկական մշակույթը:
Կցուցադրվի նաև Թուրքիայում ծպտյալ հայերի վերաբերյալ ռեպորտաժ. լրագրողները կներկայացնեն վերջիններիս առաջին այցելությանը դեպի Հայաստան: Բացի այդ, «France 24»ի եթերում օրվա ընթացքում պարբերաբար ուղիղ հեռարձակմամբ կլուսաբանվի Հայաստանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջազգային արարողությունը և Ֆրանսիայում հիշատակի միջոցառումները: