Ապրիլի 24-ին Գերմանիայի Բունդեսթագում հատուկ նիստ է հրավիրվելու՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ըստ նախնական տեղեկությունների` նիստի ժամանակ կնդունվի բանաձև, որով Թուրքիային կոչ է արվելու ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Սակայն, ինչպես տեղեկացնում է Die Presse-ն, ապրիլի 24-ին Գերմանիայի Բունդեսթագում քվեարկության դրվող Հայոց ցեղասպանության մասին բանաձևի տեքստում չի լինելու ցեղասպանություն բառը: Այս հարցի շուրջ թեժ բանավեճեր էին ընթանում Բունդեսթագում: Այսպես, Կանաչների միության անդամ Ջեմ Օզդեմիրը և Ձախերի ներկայացուցիչ Պետրա Փաուն առաջ են քաշում խորհրդարանի կողմից ցեղասպանություն եզրն ընդունելու բանաձևը։ Մինչդեռ սոցիալ դեմոկրատները և իշխող կոալիցիայի պատգամավորները խուսափողական դիրքորոշում են ընդունել։ Իշխող կոալիցիան դեմ էր այդ առաջարկին քանի որ ցեղասպանություն բառի օգտագործումը կվտանգի Թուրքիայի հետ Գերմանիայի հարաբերությունները։
Սակայն, այնուամենայնիվ, Բեռլինն այդ օրը որոշել է լինել հայերի կողքին: Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը և կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել են, որ չեն մասնակցի Թուրքիայում Դարդանելի (Չանաքքալե, Գալիպոլի) ռազմական գործողությունների 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Մերկելը Թուրքիա գնալու հրավերը մերժելը պատժառաբանել է իր զբաղվածությամբ, իսկ նախագահ Գաուկն իր նախապատվությունը տվել է հայերին: Նա Բեռլինում կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին և հանդես կգա ելույթով: Նշենք, որ Գաուկն Գերմանիայի առաջին նախագահն է, որ երբևէ մասնակցելու է Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառման:
Գերմանիան, որպես Առաջին համաշխարհայինի ժամանակ Թուրքիայի դաշնակից և Հոլոքոստ իրականացրած ու այն ճանաչած երկիր միանշանակ առավել մեծ պատասխանատվությամբ պետք է մոտենա Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին:
Հիշեցնենք, որ Գերմանիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը քննադատող բանաձև ընդունել է դեռևս 2005 թվականին: