Հայ և համաշխարհային աստղերը Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեսահոլովակ են նկարահանել: «Միլիոնավոր կյանքերի» պրեմիերան տեղի է ունեցել երեկ:
«Միլիոնավոր կյանքեր» տեսահոլովակում հայ պապիկը ծոռնուհուն պատմում է Հայոց ցեղասպանության մասին` վերհիշելով իր գերդաստանի պատմությունը:
Պապիկի կերպարում նկարահանվել է բարերար Հրայր Հովնանյանը, կադրում ամբողջ ընթացքում երևում են նրա մոր աչքերը:
«Միլիոնավոր կյանքեր» տեսահոլովակը նկարահանվել է նույնանուն ծրագրի շրջանակում: Ծրագրի տնօրեն, երգիչ, երգահան Տիգրան Պետրոսյանի խոսքով`տեսահոլովակի նպատակը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ու հայ ժողովրդի արդարության պահանջն աշխարհին ավելի լսելի դարձնելն է:
Նշենք, որ երգի բառերը գրել է բանաստեղծ Ռիդա Մեյը, երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր և պրոդյուսեր Կարեն Մարգարյանը: Տեսահոլովակի ռեսժիսորներն են Միհրան Ստեփանյանը, Հայկ Ատոմցը, Օլեգ Մովչանը, Նատալիա Իվանովան և Օլեգ Տարավկովը:
Տեսահոլովակում նկարահանվել են համաշխարհային մշակույթի աստղեր Շառլ Ազնավուրը, Ջիվան Գասպարյանը, Արմեն Ջիգարխանյանը, Ալեն Տեզյանը, Մոնսերատ Կաբալիեն, Սեբու Սիմոնյանը, Պատրիկ Ֆիորին, Կոկո Յորքը, Մարիամ Մերաբովան, Անդրեյ Դավիդյանը, Արթուր Աբրահամը, Տիգրան Պետրոսյանը և այլոք: