ԳԴՀ արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը սատարում է նրանց, ովքեր կոչ են անում հայերի զանգվածային սպանություններն Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն անվանել: 1915թ-ին կատարվածը կարելի է «միավորել ցեղասպանություն հասկացության մեջ», հայտարարել է նա Süddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում:
Ըստ գերմանացի սոցիալ-դեմոկրատների առաջնորդներից մեկի՝ նա լավ է հասկանում նրանց դրդապատճառներն ու զգացմունքները, ովքեր պահանջում են ամրագրել ցեղասպանություն եզրույթը Օսմանյան կայսրությունում հայերի դեմ կատարված հանցագործությունների վերաբերյալ: Միաժամանակ ԱԳ նախարարը նշել է, որ գնալով «ահագնացող քաղաքական բանավեճերն այդ հարցի շուրջ կարող են «բարդացնել կամ նույնիսկ անհնարին դարձնել» լուրջ ու ուղիղ երկխոսությունը Թուրքիայի ու Հայաստանի միջև, հայտնում է Ռոսբալտը:
Իր հերթին բունդեսթագում քրիստոնյա դեմոկրատների խմբակցության փոխնախագահ Ֆրանց Յուզեֆ Յունգը հայտարարել է, որ իր կուսակցությունը մտադիր է հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն անվանել` անկախ Անկարայի բողոքներից: «Մենք կգտնենք ձևակերպում, որը համապատասխան կերպով կբնորոշի ցեղասպանության փաստը, որ եղել է Թուրքիայում 100 տարի առաջ»,-հայտարարել է նա Saarbrücker Zeitung պարբերականին տված հարցազրույցում:
«Ցեղասպանություն» բառը պետք է ներառված լինի բանաձևի տեքստում, որն առաջիկա օրերին ընդունելու է բունդեսթագը, ասել է Յունգը: Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ այդ բառն իր ելույթի խոսքում կարտասանի նաև Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը:
Մինչ օրս Գերմանիայի կառավարությունը խուսափում էր «ցեղասպանություն» եզրույթից 1915-ի իրադարձություններին անդրադառնալիս:
Ապրիլի 24-ին Բունդեսթագում քննարկում կլինի հայերի դեմ գործած ոճրագործությունը ցեղասպանություն ճանաչելու շուրջ: