Ապրիլի 22-23-ին Երևանում տեղի կունենա երկօրյա գլոբալ ֆորում, որի շրջանակներում աշխարհի ավելի քան 600 խորհրդականներ, դիվանագետներ, ցեղասպանագետներ, որոնք կփնտրեն ցեղասպանությունների կանխարգելման և դրանց կրկնությունը բացառող ուղիներ:
«Գլոբալ ֆորումի նպատակն է նպաստել ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկի իրականացմանը՝ քննարկման առարկա դարձնելով ցեղասպանությունների կանխարգելման մեխանիզմների զարգացումը՝ իսպառ բացառելու 1915-ին և դրան հաջորդած տարիներին նմանօրինակ այլ զարհուրելի հանցագործությունների կրկնությունը»,- Արմենպրեսսի փոխանցմամբ ասել է ԱԳ փոխնախարարը:
Նրա խոսքով ֆորումին կմասնակցեն ու ելույթներով հանդես կգան ՀՀ Ազգային ժողովի նախագահը, ՀՀ վարչապետը, արտգործնախարարը, կառավարության անդամներ, պատգամավորներ:
Երկօրյա ֆորումը կիրականացվի ինտերակտիվ քննարկումների և մեկ լիագումար նիստի միջոցով: Տեղի են ունենալու նաև մասնագիտական քննարկումներ , որոնցից մեկը հոգևորականների ֆորումն է ՝«Եկեղեցիներն ընդդեմ ցեղասպանության հանցագործության.մարդկային կյանքը՝ Աստծո պարգև» թեմայով, ինչպես նաև իրավաբանական ֆորումներ:
Ծրագրի շրջանակներում կգործեն նաև ցուցահանդեսներ՝ առաջինը՝ Ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես, որտեղ մոտ 2000 գիրք կցուցադրվի, որը կնախորդի սեպտեմբերին նախատեսվող Bookexpo-ին: Երկրորդը՝ լուսանկարչական ցուցահանդեսն է, որտեղ ներկայացվելու են ժամանակակից լուսանկարիչների գործերը, ովքեր աշխատում են աշխարհի վտանգավոր վայրերում:
Ինչպես հայտնում է Արմենպրեսսը՝ ապրիլի 22-23-ի միջազգային համաժողովի բացմանը կմասնակցի Սերժ Սարգսյանը: