Թուրքիայում բնակվող մի խումբ ասորիներ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առնչությամբ և Թուրքիայի կողմից ցեղասպանության ժխտման դեմ մինչև ապրիլի 24-ը 100-ժամյա հացադուլ են հայտարարել:
«Ակոս» թերթի փոխանցմամբ՝ ասորական կազմակերպությունների դաշնության ղեկավար Էրգիլ Թյուրքերը հայտարարել է, որ հացադուլի ակցիան պատասխան է անցյալում իրագործված ոճրագործությանը:
Նա ասել է, որ ասորիների սրբավայր համարվող Թուրաբդին տարածաշրջանի բոլոր ասորական կառույցներն աջակցում են հացադուլին: Նրա խոսքով` Լոկալինում Ասորական կազմակերպությունների դաշնության սկսած հացադուլին 30 մարդ է մասնակցում:
«Սա հավատարմության պարտք, խղճի հարց է», -ասել է նա` նշելով, որ ցեղասպանության ժխտման դեմ նման ակցիա ասորիներն իրականացնում են առաջին անգամ:
Ասորական «Սաբրո» թերթի գլխավոր խմբագիր Թումա Չելիքն էլ նշել է, որ 1915 թվականի հիշատակի միջոցառումները Թուրքիայում շարունակվելու են ամբողջ տարվա ընթացքում: