Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը հրաժարվում է իր զորքերը հետ քաշել շփման գծից, հակառակ Կիևի պահանջի։ Այս մասին այսօր հայտարարել է ԴԺՀ ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն, փոխանցում է Դոնեցկի լրատվական գործակալությունը։
«Ուկրաինական կողմն առաջարկում է զորամիավորումները 2 կմ հետ քաշել այն գծից, որը նախատեսվում է սեպտեմբերի 19-ին Մինսկում ստորագրված համաձայնագրով․․․Մեր տարածքների մի մասն անցնում է Կիևի վերահսկողության տակ։ Նման պայմաններով ոչ մի ապառազմականացված գոտի չի ստեղծվելու»,-հայտարարել է ԴԺՀ առաջնորդը։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Կիևն առաջարկել էր «որոշակի ժամանակահատվածում հրադադարի ամբողջական պահպանման դեպքում» ապառազմականացված գոտի ստեղծել Շիրոկինա գյուղի շրջանում, ինչպես նաև հետ քաշել ռազմական տեխնիկան Դոնեցկից և Գորլովկիից։
Սա մեծ վրդովմունք է առաջացրել Դոնեցկի ղեկավարության մոտ, քանի որ արդյունքում ստացվում էր այնպես, որ ԴԺՀ զիջում էր իր դիրքերը, իսկ ուկրաինական զորքերը՝ ոչ։
Նախօրեին ԴԺՀ ներկայացուցիչ Դինիս Պուշիլինը հայտարարել էր, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության իշխանությունները պատրաստ են ապառազմականացված գոտի ստեղծել Դոնեցկի օդանավակայանում, Գորլովկիում և Շիրոկինայում։ Սակայն, նա նշել էր, որ դրա համար անհրաժեշտ է, որ շփման գծից երկու կողմերն էլ հավասար հեռավորությամբ հետ քաշվեն։ Այս տեսակետի հետ համաձայն է նաև Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարությունը
Նշենք, որ Դոնբասում շփման գծի երկայնքով 50-70 կիլոմետր լայնությամբ ապառազմականացված գոտի ստեղծելը եղել է Մինսկի պայամանավորվածությունների առանցքային կետերից մեկը։ Ըստ այդ կետի՝ նախատեսվում էր ապառազմականացված գոտի ստեղծել հրադադարի հաստատումից երկու շաբաթ անց։