2015թ. մայիսին «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույցի ժամանակ Հայաստանը կներկայացնի Genealogy խումբը՝ կազմված Հայաստանից և 5 աշխարհամասերից հրավիրված հայ երգիչներից կազմված խումբը: Նրանք հանդես կգան «Face The Shadow» երգով, որը խորհրդանշում է 1915թ. Հայոց Ցեղասպանության հետևանքով ամբողջ աշխարհով սփռված հայության կոչը յուրաքանչյուրին՝ լինել ազնիվ և առերեսվել ճշմարտությանը:
Ձեզ ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ բացառիկ հարցազրույցը Genealogy խմբի անդամների և Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի հետ:
«Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն այս տարի որոշում ընդունեց Եվրատեսիլ երգի մրցույթին ներկայացնել նոր ձևաչափ: Կառուցելով կամուրջներ` Genealogy խումբը համախմբեց երկրագնդի հինգ աշխարհամասերում (Եվրոպա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա, Ասիա) և Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին. 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն: Մենք այս տարի իրագործեցինք մեր տարիների վաղեմի երազանքը, որովհետև միշտ ցանկացել ենք համախմբել սփյուռքահայերին, հայ երիտասարդներին, ովքեր ապրում են Հայաստանից դուրս. այս տարին ամենահարմարն էր դրա համար»,- նշել է Գոհար Գասպարյանը:
Մասնակիցները մեզ պատմել են իրենց զգացողությունների մասին, երբ ստացել են նախագծին մասնակցելու հրավերը:
Ինգա Արշակյան (Հայաստան). «Genealogy խմբի մասնակից լինելը մեծ երջանկություն է ինձ համար և առաջին հերթին Եվրատեսիլյան բեմ նորից բարձրանալու հնարավորություն: Մեծ ոգևորությամբ և իհարկե հուզմունքով ընդունեցի այդ առաջարկը: Նախագծի ձևաչափը նորություն էր և կարծում եմ հաջողություն անպայման կունենա»:
Ստեֆանի Թոփալյան (Ճապոնիա, Ասիա). «Մտքովս երբևիցե չէր կարող անցնել, որ օրերից մի օր նման առիթով Հայաստանում կլինեմ: Այն ամենն, ինչ տեղի է ունենում ինձ հետ, ուղղակի անհավատալի է: Այնքան շնորհակալ եմ ինձ ընտրելու համար: Սա անհավատալի է»:
Եսայի Ալթունյան (Ֆրանսիա, Եվրոպա). «Genealogy-ն մեր արմատն է. մարդ պետք է իմանա որտեղից է գալիս, որ իմանա ուր է գնում: Երբ ստացա առաջարկը, մեծ սիրով և ոգևորվածությամբ ընդունեցի այն՝ ոչ միայն եվրատեսիլյան հետաքրքիր փորձ ձեռք բերելու, այլև ծագումնաբանական նմանատիպ գաղափար կրող նախագծի մաս դառնալու համար: Չափազանց մեծ առաքելություն է: Մենք բոլորս բեմում ուղղակի հայ ենք լինելու, ովքեր ներկայացնելու են միլիոնավոր մարդկանց»:
Թամար Կապրելյան (ԱՄՆ, Ամերիկա). «Genealogy-ի հիմքում ընկած գաղափարն ուղղակի փայլուն է: Նախագիծը հնարավորություն է ընձեռում մի հարթակում հավաքել աշխարհի տարբեր ծայրերի հայերին: Շատ ուրախ եմ, որ մասնակից եմ այս ամենին. նման հնարավորություն կյանքում մեկ անգամ է տրվում»:
Մերի-Ջին Օ՛Դոհերթի Վասմաթզյան (Ավստրալիա, Ավստրալիա). «Մինչ ինձ ուղարկված նամակի բովանդակությանը ծանոթանալը, կարծում էի` որևէ օպերային համերգի մասնակցության հրավեր պետք է լինի: Իսկ այս առաջարկը չափազանց անկանխատեսելի և միևնույն ժամանակ հիասքանչ էր, իսկ հիմա դա արդեն իրականություն է»:
Վահե Թիլբյան (Եթովպիա, Աֆրիկա). «Երբ Հանրային հեռուստաընկերությունից նամակ ստացա և իմացա, որ խմբի վեց անդամներից մեկն եմ, մի շարք զգացողություններ միախառնվեցին իրար՝ հպարտություն, ուրախություն, հուզմունք: Զգացի, որ կարող եմ Հայաստանի մաս կազմել և մրցույթին ներկայացնել մի ամբողջ ժողովրդի»:
«Արմեդիա» ՏՎԳ-ի խնդրանքով խմբի մասնակիցները նաև պատմել են երգի իրենց ընկալման և դրանում պարունակվող ուղերձի մասին:
Վահե Թիլբյան. «Մեր երգն ինձ համար աննկարագրելիորեն ուժեղ իմաստ ունի, թե ինչպես կառուցել ամեն տեսակի հարաբերություններ՝ լինի դա ընկերական, սիրային, թե՝ ընտանեկան: Երգը կոչ է ազնիվ լինելու, առաջին հերթին, ինքներս մեր և այն բոլոր մարդկանց նկատմամբ, ովքեր շրջապատում են մեզ, չժխտել այն զգացմունքները, որոնք ապրում են, այն հույզերը, որոնք ցանկանում ենք ի ցույց դնել և իհարկե այն խոսքերը, որոնք ցանկանում ենք ասել: Միայն այդ դեպքում Դուք Ձեզ ազատ կզգաք և կունենաք ավելի լավ, ավելի իմաստուն կյանք՝ հոգեպես ավելի հանգիստ»:
Մերի-Ջին Օ՛Դոհերթի Վասմաթզյան. «Երգը սիրո և ներողամտության շատ ուժեղ կոչ է, որոնք համամարդկային արժեքներ են բոլորի համար: Ինան կարողացել է շատ ներդաշնակորեն միավորել երգի խոսքերը երաժշտության հնչյունների հետ: Արմենն, իր հերթին, փայլուն կերպով ցույց է տվել և ներկայացրել մեզնից յուրաքանչյուրի ձայնային կարողություններն ու յուրաքանչյուրիս անհատական ոճը: Մարդիկ կհիշեն «Եվրատեսիլ 2015»-ը, քանի որ հենց այդ տարի առաջին անգամ կհնչի «Առերեսվի՛ր ստվերին» երգը»:
Թամար Կապրելյան. «Երգը սիրո մասին է, որը պատմում է ինչպես նվիրվել հարաբերություններին լիովին՝ թույլ տալով ինքներդ Ձեզ լինել նրանց հետ կապված և մշտապես նրանց կողքին: Խմբի ստեղծման գաղափարը 5 տարբեր աշխարհամասեր ներկայացնելն է: Ես ինքս ներկայացնում եմ Ամերիկան՝ Հյուսիսային Ամերիկան, իսկ բոլորս միասին ներկայացնում ենք Հայկական սփյուռքը: Երգելով միասին՝ մենք երգում ենք սիրո և խաղաղության մասին»:
Եսայի Ալթունյան. «Երգն իսկապես շատ դրական է, ինչպես նաև ուժեղ: Այն ներառում է իր մեջ 5 աշխարհամասեր, որի հիմքում ընկած է մեկ գաղափար՝ միավորել դրանք մեկում: Երգը նման է վերելակի, որը ձգվում է դեպի երկինք և հասնելով այնտեղ՝ տպավորություն է ստեղծվում, որ դու կանգնած ես շնչակտուր և սրտի բաբախումով: Ես սիրում եմ այդ զգացողությունը»:
Ստեֆանի Թոփալյան. «Երգը լսելիս տպավորություն է ստեղծվում, որ այն ոչ թե 3 րոպե է ձգվում, այլ մի ամբողջ հավերժություն. այն նման է մի ամբողջ կյանքի պատմության: Մի քանի րոպեների ընթացքում երգը կարողանում է մեզ փոխանցել շատ կարևոր բաներ: Այն շատ քաղցրահունչ է՝ լի սիրով, տխրությամբ և զայրույթով, խիզախությամբ և հզորությամբ: Այն նման է մեր սրտին, մոտ է մեր հոգուն... »: