Ապրիլի 22-ին, Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, տեղի ունեցավ Քաղաքային Պանթեոնի հարևանությամբ կառուցվելիք Սրբոց նահատակաց եկեղեցու հողօրհնեքի հանդիսավոր արարողությունը, որտեղ հետագայում կտեղադրվեն Հայոց ցեղասպանության զոհերի երկու մասունքարանները:
Հայ առաքելական եկեղեցին ապրիլի 22-ին մեկնարկեց Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը, որը սկսվեց Հսկման արարողությամբ: Այն իրենից ներկայացնում է աղոթքի հղում առ Աստված: Հսկման արարողությունը տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ և Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան ժամանած քրիստոնական եկեղեցիների հովապետերի ու երկեղեցական պատվիրակությունների մասնակցությամբ(38 պատվիրակություն է ժամանել): Արարողության ժամանակ կատարվեց երկու մասունքարնների սրբացումը:
Այսօր առավոտյան պատարագի ժամանակ դրանց մեջ կդրվեն մասունքերը և կտեղադրվեն բաց խորանի առջև: Երեկոյան կընթերցվի Ցեղասպանության նահատակների վկայաբանությունը, այնուհետև՝ հռչակագիրը, որով նահատակները կհռչակվեն Հայաստանյայց Առաքելական եկեղեցու սրբեր: Ամենայն Հայոց և Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսները իրենց պատգամը կհղեն հայ ժողովրդին, որից հետո կհնչեն 100 զանգերը:
Որպես սրբերի մասունքներ ընդունվելու են Կիլիկիո կաթողիկոսության ներկայացրած Անթիլիասի Սրբոց Նահատակաց եկեղեցում պահվող մասունքերը և դեռևս 1965 թվականին Դեր Զորից Հայաստան բերված նահատակների մասունքեր, որոնք պահվել են Հայոց ցեղասպանության աղոթքի և ուխտի խաչքարի տակ:
Նշենք, որ 400 տարվա ընդմիջումից հետո Հայ եկեղեցին առաջին անգամ կրկին կատարում է սրբադասման կարգ: Վերջին սրբադասվողը Մովսես Երրորդ Տաթևացի Հայրապետն է եղել, ով սրբադասվել է իր գահակալությունից 100 տարի հետո` Սիմեոն Երևանցի կաթողիկոսի հռչակմամբ: Երկար ընդմիջումից հետո Հայոց Եկեղեցում սրբադասման կարգի վերականգնման և Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման խնդիրները քննարկվել են 2013 և 2014 թթ. Եպիսկոպոսաց ժողովներում: