Իրանական “Vatankhahan” կայքում հոդված է տեղադրվել, որտեղ նշվում է, որ պատմության ընթացքում օսմանյան թուրքերն Իրանի հյուսիսային շրջանների վրա կատարած հարձակումների ընթացքում կոտորել են նաև Թավրիզի, Սալմասի, Ուրմիայի և Խոյի ազարիներին:
Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև Թուրքիայի ջանքերին` լարվածություն ստեղծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում, ինչպես հոդվածագիրն է փաստում «սեփական թուլությունը քողարկելու համար»։
«Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հարցում ջանում է լարվածություն առաջացնել Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի նկատմամբ Էրդողանի արձագանքն առնվազն ծիծաղ է առաջացնում. Թուրքիան իր թուլությունը քողարկելու նպատակով փորձում է Լեռնային Ղարաբաղի հարցում լարվածություն առաջացնել Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ այդ կերպ ջանալով Անկարայի վրա գործադրվող ճնշումները թուլացնել»,- նշվում է հոդվածում:
Հոդվածի վերջում ևս մեկ անգամ անդրադարձ է կատարվում առաջ քաշված առաջին թեզին, որի համատեքստում, մասնավորապես, նշվում է.
«Ժամանակն է եկել, որպեսզի Իրանի ազարիները ևս ջանքեր գործադրեն, որպեսզի Օսմանյան Թուրքիայի կողմից Թավրիզի, Սալմասի, Ուրմիայի և Խոյի բնակչության նկատմամբ իրականացված զանգվածային զարհուրելի կոտորածները պաշտոնապես ճանաչում ստանան»: