ԱՄՆ մի շարք ազդեցիկ սենատորներ ու կոնգրեսականներ ամերիկյան Կոնգրեսի շենքում՝ Կապիտոլիումում, հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը, ով Հայաստան է մեկնել՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին, հիշեցրել է, որ անցյալում Միացյալ Նահանգների պատմության մեջ պահեր են եղել, երբ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են ինչպես Ամերիկայի նախագահը, այնպես էլ՝ Կոնգրեսը: «Այս հարցի ճանաչումն անչափ կարևոր է ոչ միայն մեր երկրի, այլև՝ Թուրքիային միանշանակ ուղերձ հասցնելու համար», - ընդգծեց կոնգրեսականը:
Կոնգրեսական Ռոբերտ Դոլդն ընդգծել է, որ որպես մարդկության դեմ ծանրագույն հանցագործություն՝ Հայոց ցեղասպանությունն իր բացասական հետքն է թողել ամբողջ մարդկության պատմության վրա:
Իսկ կոնգրեսական Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատում մեկ ամբողջ ժամ Հայոց ցեղասպանության զոհերի անուններն է ընթերցել: